Մարքեթինգ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները շրջայց կատարեցին ՀՊՏՀ գրադարանում
Տնտեսագիտական համալսարանի գրադարանի գիտական ընթերցասրահում այսօր մարքեթինգ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ մարքեթինգի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Արարատ Զաքարյանը գլխավորությամբ, մասնակցեցին հանդիպման, որի նպատակը առաջին կուրսեցիներին համալսարանի գրադարանին ծանոթացնելն էր:
«Գրադարանը կազմելու է Ձեր ուսումնական գործընթացի կարևոր մասը»,- առաջին կուրսեցիներին դիմեց գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համալսարանի գրադարանի հնարավորությունները, օգտվելու կանոնները, գրադարանային ֆոնդը, սպասարկման եղանակները, էլեկտրոնային գրադարանի ստեղծման աշխատանքները, գիտական ընթերցասրահում տեղակայված «ՄԱԿ-ի անկյունը», մասնագիտական գրականությունը: Վերջում նա պատասխանեց ուսանողների հարցերին և կոչ արեց նրանց զարգացնել ինքնակրթվելու, անընդհատ զարգանալու հմտությունները, որի համար գրադարանը նպաստավոր միջավայր է: Հանդիպմանը ներկա գտնվող 3 տղաները տնօրենից նվեր ստացան Սամվել Մարգարյանի «Հայդուկապետն հայոց» գիրքը՝ նվիրված Անդրանիկ Օզանյանին: Ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը նույնպես գրադարանի տնօրենից գրքեր ստացավ:
Հանդիպումը եզրափակվեց 1-ին կուրսեցիների՝ գրադարան շրջայցով, որի ընթացքում նրանք ծանոթացան գրապահոցին, ուսանողական ընթերցասրահին, գրքերի թվայնացման ժամանակակից տեխնիկային: Ընդառաջելով ուսանողների խնդրանքին՝ տնօրենը խոստացավ առաջիկայում նրանց մասնակիցը դարձնել գրքի թվայնացման գործընթացին:
Արարատ Զաքարյանը իր և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրենին՝ հետաքրքիր հանդիպման համար: Ամբիոնի վարիչը հույս հայտնեց, որ ուսանողներն ակտիվորեն կօգտվեն գրադարանից, ինչը մեծապես կնպաստի նրանց ուսումնառության արդյունավետությանը:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը նախաձեռնել է 1-ին կուրսեցիների հետ հանդիպումների շարք, որի մեկնարկը տրվել էր նախորդ շաբաթ. առաջիկա օրերին նմանատիպ հանդիպումների շրջանակներում գրադարանը կհյուրընկալի այլ մասնագիտությունների 1-ին կուրսեցիների:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին