ՀՊՏՀ-ում էին «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության և Ֆրանսիայի դեսպանատան նեկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 1188

Տնտեսագիտական համալսարանում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության աշխատակիցները ուսանողներին ներկայացրեցին  Ֆրանսիայում ուսանելու հնարավորությունները և ուսումնական ծրագրերը:

ՀՊՏՀ  արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ներկայացրեց հյուրերին և հանդիպման նպատակը, այնուհետև  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակույթի բաժնի տեխնիկական և գիտական հարցերով կցորդ Ալիս Լենան լուսապատկերի միջոցով ուսանողներին  ծանոթացրեց ֆրանսիական համալսարանները, դրանց ուսումնական ծրագրերը, կրթաթոշակները, դիմելու համար անհրաժեշտ պայմանները (ֆրանսերենի համապատասխան իմացություն և այլն), այլ  մանրամասներ:

«Ալիանս Ֆրանսեզ»  միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, շարունակելով հանդիպումը, խոսեցին իրենց կազմակերպության, դրան դիմելու առավելությունների մասին: Նշվեց, որ կազմակերպությունն իրականացնում է ֆրանսերենի ուսուցում և տրամադրում է միջազգային դիպլոմ:

Բանախոսները պատասխանեցին ուսանողների հարցերին: Ուսանողներին բաժանվեցին տեղեկատվական գրքույկներ և թերթիկներ:

Ի դեպ, վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10-20-ը,  Մոսկովյան 3 հասցեում գտնվող «Ալիանս Ֆրանսեզը»  հայտարարում է բաց դռների օր, որը հնարավորություն կտա ուսանողներին հանդիպելու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչների հետ. վերջիններս կներկայացնեն Ֆրանսիայում սովորելու հնարավորությունները և կպատասխանեն մասնակիցների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին