Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 999

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ռեկտորատի հաստատմանը ներկայացրեց 2013-2014 ուսումնական տարվա հիման վրա 2014-2015 ուստարվա ուսանողների փոխատեղման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը: Պրոռեկտորը նշեց, որ սեպտեմբերի սկզբին, համաձայն կարգի, մանդատային հանձնաժողովը նիստ է արել ու քննարկել դեկաններից ստացված ցուցակները: Արդյունքում որոշվել է փոխատեղել առկա բակալավրիատի 49 և առկա մագիստրատուրայի 25 ուսանողների: Ռեկտորատը հաստատեց մանդատային հանձնաժողովի որոշումը:

Այնուհետև դեկանները զեկուցեցին 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին՝ ներկայացնելով հեռացման ենթակա և պարտքերով հաջորդ կուրս տեղափոխվող ուսանողների թիվը:

Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ մի քանի  հարցերի: Ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ դեկաններին ուղղված կրթության որակի բարելավմանը միտված առաջարկներ ներկայացնելու պահանջը ընթացք է ստացել. մի շարք առաջարկներ, քննարկվել, ամփոփվել են: Այսօրվա նիստում ներկայացվեցին որոշակի մոտեցումներ՝ քննարկման համար: Համալսարանի ղեկավարը կոչ արեց կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկները քննարկել բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների հետ, ներկայացնել նոր առաջարկներ կամ նոր մոտեցումներ՝ արդեն առկա առաջարկների վերաբերյալ: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը հայտարարեց, որ հոկտեմբերի առաջին շաբաթում գիտխորհրդի նիստ է լինելու, ինչի նախապատրաստման համար ուշադրություն հրավիրեց մի քանի հարցերի վրա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին