Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացվեց Բրիտանական բիզնես դպրոց (լուսանկարներ)
Պաշտոնական ու հանդիսավոր արարողությամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացվեց Բրիտանական բիզնես դպրոցը: Ներկա էին ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, LSC-ի խորհրդի նախագահ, Բրիտանական լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ Լորդ Ջոն Թոմիլսոնը, Անգլիա Ռասկին համալսարանի, Լոնդոնի կոմերցիայի դպրոցի ներկայացուցիչները, Հայաստանի Կառավարության, Ազգային ժողովի անդամներ, այլ հյուրեր:
Հյուրերը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի ուղեկցությամբ, ՀՊՏՀ բակով նախ այցելեցին Բրիտանական բիզնես դպրոց: Կորյուն Աթոյանն ու Լորդ Ջոն Թոմիլսոնը կտրեցին կարմիր ժապավենը, ապա շրջեցին լսարաններում, որտեղ ռեկտորը վարչապետին ամփոփ ներկայացրեց Բիզնես դպրոցը, այնտեղ դիմելու հիմնական առավելությունները: Այնուհետև բոլորն ուղևորվեցին դեպի ՀՊՏՀ հանդիսությունների սրահ, որտեղ սկսվեց հանդիսավոր արարողության երկրորդ մասը՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, հյուրերի, բուհի աշխատակիցների, ուսանողների ներկայությամբ:
Միջոցառման հանդիսավոր մասն իր ելույթով բացեց ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ընդգծեց, որ իր տրամադրությունը կրկին բարձր է, քանի որ գտնվում է Տնտեսագիտական համալսարանում: Բրիտանական բիզնես դպրոցի բացման առիթով վարչապետը շնորհավորանքի խոսք հղեց Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իր անունից՝ կարևորելով կրթության ոլորտի բարելավման շարունակականությունը, մրցունակ կրթական միջավայրի ստեղծումը: Նա նշանակալի ձեռքբերում համարեց նման խոշոր նախագծի մեկնարկը, որի իրականացումը կարող է խթան հանդիսանալ նաև այլ բուհերի համար: «Մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ: Այսպես է սահմանված Հայաստանի կառավարության ծրագրում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: «Բրիտանական առաջատար փորձի ներթափանցումը Հայաստան ես համարում եմ նշանակալի ձեռքբերում: Ծրագիրը իրականություն դարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բրիտանական «Globe Education» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համագործակցության արդյունքում: Այսօրվա մարտահրավերները հուշում են, որ կրթական համակարգի զարգացման ճանապարհին անհրաժեշտ են միջազգայնացմանը միտված քայլեր: Այս նախաձեռնությունը բուհերի միջազգայնացման, համալսարաննների հեղինակության բարձրացման լավ օրինակ է»,- շարունակեց վարչապետը՝ կարևորելով այն հանգամանքը, որ լինելով միակը տարածաշրջանում, Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ նաև օտարերկրացիներին ընձեռելով բրիտանական չափանիշներին համապատասխան կրթության հնարավորություն:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը անդրարարձ կատարեց համալսարանում կրթական բարեփոխումների անցած ուղուն, արժևորեց ձեռքբերումները, մանրամասն ներկայացրեց Բրիտանական բիզնես դպրոցի հիմնադրումը, հնարավորությունները, խոսեց համալսարանի մյուս հաջողությունների մասին: «Ավելի քան 3 տարի «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրականացվում են բարեփոխումներ՝ միտված համալսարանի հեղինակության ամրապնդմանը, կրթական միջավայրի և կրթության որակի բարելավմանը, համալսարանում հետազոտական ուղղության զարգացմանը: Համալսարանի ավանդույթների պահպանման և առկա ձեռքբերումները նոր ժամանակներին ու մարտահրավերներին համահունչ զարգացնելու ճանապարհին մենք բավական հաջողություններ ենք ունեցել: Համալսարան մտնող յուրաքանչյուր ոք անզեն աչքով էլ տեսնում է, թե որքան է վերափոխվել մեր սիրելի համալսարանը՝ դարձել գրավիչ, ինքնատիպ միջավայրով, ուրույն ձևավորմամբ, տեխնիկապես վերազինված: Մեզ համար շատ կարևոր է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ստեղծումը, որն առաջին խոշոր քայլն է համալսարանում գիտահետազոտական բաղադրիչն ամրապնդելու ուղղությամբ: Համալսարանի սեփական միջոցների 3,7 տոկոսը մենք հատկացնում ենք բուհական գիտության զարգացմանը: «Ամբերդը» հավակնում է դառնալ հայաստանյան պետական կառույցների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար անհրաժեշտ վերլուծություններ ու փորձագիտական մոտեցումներ առաջարկող հեղինակավոր կենտրոն»,- հայտարարեց համալսարանի ռեկտորը:
Այնուհետև ելույթներով հանդես եկան LSC-ի խորհրդի նախագահ, Բրիտանական լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ Լորդ Ջոն Թոմիլսոնը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, «Globe Education»-ի տնօրեն Թիմ Անդրադին, Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի դասախոս Լեսթեր Մեսինգհեմը, Անգլիա Ռասկին համալսարանի պրոռեկտոր Թրեվոր Բոլթոնը, մարքեթինգի գծով մենեջեր Բենի Աբրահամը: Նրանք իրենց հերթին շնորհավորեցին ու բարի երթ մաղթեցին նորաստեղծ ծրագրին, սկիզբը գնահատեցին խոստումնալից, ներկայացրեցին մագիստրոսական ծրագրի բովանդակությունը, կրթական պայմանները, պահանջները և հեռանկարները: Նրանք շնորհակալություն հայտնեցին ՀՊՏՀ ղեկավարությանն ու Կառավարությանը՝ Հայաստանում նման ծրագիր իրականացնելու հարցում աջակցելու համար:
Հանդիսավոր արարողության մասնակիցները Բրիտանական բիզնես դպրոցի նորմուտի առիթով միմյանց շնորհավորեցին տոնական սեղանների շուրջ:
Հիշեցում. Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը հիմնադրվել է ՀՊՏՀ-ի և «Globe Education (GB) LTD» ընկերության միջև համագործակցության շրջանակներում: «Globe Education (GB) LTD»-ի գործընկերները 4 բրիտանական բուհեր են, որոնցից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցելու է Անգլիա Ռասկին համալսարանը: Համատեղ բիզնես դպրոցը հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013 թ. դեկտեմբերի 5-ի 1348-Ա որոշմամբ: Համաձայն Կառավարության որոշման՝ համատեղ բիզնես դպրոցի բաժնեմասի 51 տոկոսը կտնօրինի «Globe Education (GB) LTD»-ն, 44 տոկոսը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, իսկ 5 տոկոսը՝ ՀՀ Կառավարությունը:
Բրիտանական բիզնես դպրոցը օգոստոսի 29-ին հայտարարել է ընդունելություն բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան բրիտանական միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցի ուսանողները հնարավորություն են ունենալու ուսումնառության ընթացքում, նույն ուսման վարձի շրջանակներում, երկու մոդուլի մասնակցել Լոնդոնի Կոմերցիայի դպրոցի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Լոնդոնում, Մալթայում և այլուր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին