Բաց դաս՝ հակաճգնաժամային կառավարում մասնագիտության մագիստրատուրայում

Դիտումների քանակ՝ 1371

Տնտեսագիտական համալսարանիհակաճգնաժամային կառավարումմասնագիտության մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի մասնակցությամբ այսօր կայացավ բաց դաս՝  «Բիզնես- գործընթացների ինժեներինգ և ռեինժեներինգ» խորագրով: Բաց դասի կազմակերպումը նախաձեռնել էր ՀՊՏՀ  հակաճգնաժամային  և զբոսաշրջության կառավարման ամբիոնը, հյուր-բանախոսն էր «Ջի էն սի Ալֆա» ՓԲԸ-ի  բիզնես-գործընթացների վերակառուցման դեպարտամենտի ղեկավար Գարիկ Դավթյանը: Դասի թեման ներկայացվեց նշված կազմակերպության օրինակով:

Բանախոսը ուսանողներին լուսապատկերի միջոցով ներկայացրեց բիզնես- գործընթացների ինժեներինգին և ռեինժեներինգին առնչվող ուշագրավ տեղեկություններ՝ միաժամանակ հարցադրումներ անելով: Դասն ընթացավ հարցուպատասխանի մթնոլորտում: Մասնագետը բացատրեց, թե ինչ է գործընթացի անձնագիրը, համակարգը, խոսեց գործընթացների կառավարման մասին և այլն:

Հակաճգնաժամային  և  զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ,  տ.գ.թ., դոցենտ Նելլի Շահնազարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ դասերի կազմակերպումը շարունակական է լինելու, առաջիկայում ևս կհրավիրվեն փորձառու մասնագետներ՝ կարևոր թեմաներին առնչվող իրենց մասնագիտական- գործնական գիտելիքները փոխանցելու ուսանողներին:

«Ներկայում ռեինժեներինգը հանդիսանում է ոչ միայն կազմակերպությունը ճգնաժամից դուրս բերելու, այլև այն մրցունակ դարձնելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: Ուստի թեման կարևոր և հետաքրքիր է: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ավելի շատ ստանում են տեսական գիտելիքներ և հենց ոլորտում փորձառու մասնագետների մասնակցությամբ բաց դասերն են  հնարավորություն տալիս նրանց՝ քաղել գործնական գիտելիքներ, ինչն անշուշտ, շատ անհրաժեշտ է »,-ասաց ամբիոնի վարիչը:

Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աշխեն Թանյանը մեզ հետ զրույցում ուսանողի դիտանկյունից կարևորեց նմանատիպ դասերի անցկացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելուն: Ուսանողուհին նշեց նաև, որ իրենց համար դասերն ունկնդրելը հետաքրքիր է, դասերը նպաստում են ուսումնառության արդյունավետությանը:

Նշենք, որ դասին ներկա էին նաև հակաճգնաժամային  և զբոսաշրջության կառավարման ամբիոնի ասիստենտներ Ամալյա Մանուկյանը,Գոհար Մանուկյանը և Միքայել Սաֆարյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին