Դուբայի համալսարանի նախագահը հյուրընկալվեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 849

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը երեկ իր աշխատասենյակում հյուրընկալեց Դուբայի համալսարանի նախագահ Էսա Բաստակիին:

Նա ներկայացրեց  հայաստանյան այցի նպատակը, կրթության ոլորտում հետաքրքրությունները, ապա մանրամասն ներկայացրեց Դուբայի  համալսարանը՝ նշելով, որ իրենք առավելաբար հետաքրքրված են ուսանողների, դասախոսների վերապատրաստման և փոխանակման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանք իրականացնելու հեռանկարով:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտական ուղղվածությունը, անցած ճանապարհը, ներկա հնարավորությունները, գիտահետազոտական ներուժը: Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, համագործակցության հնարավոր ուղղությունները: Դուբայի համալսարանի ռեկտորին Կորյուն Աթոյանը ծանոթացրեց նաև բուհին՝ նրան ուղեկցելով «Ամբերդ» հետազոտական, ինչպես նաև միջազգային ծրագրերի կենտրոններ:

«Շնորհակալություն Ձեզ այս զբաղվածության պայմաններում ինձ ընդունելու համար, շատ տպավորված եմ, հուսով եմ, մեր հանդիպումը կշարունակվի համագործակցությամբ»,- այցի ավարտին ասաց Էսա Բաստակին: Կորյուն Աթոյանը ևս հույս հայտնեց, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները կարող են համագործակցության հիմք դառնալ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին