Համայն հայության հայրենիքը այսօր տոնում է անկախության 23-րդ տարեդարձը
Այսօր նշվում է Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության տարեդարձը: Քսաներեք տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդն իր հավաքական կամքով՝ Հայաստանի տարածքում անցկացված հանրաքվեով, ընտրեց ազատ ու ինքնիշխան ապրելու իր ճանապարհը: Մեր երկիրը թևակոխեց պատմության նոր շրջան, զարգացման նոր ուղի: Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Հայ մարդն իր երկրի անկախությանը վերաբերվում է անչափ զգայուն ու թրթիռով, քանզի գիտե նրա ձեռքբերման ու կորստի գինը, գիտե, որ ինչպես ցանկացած նվաճում այն պետք է պահպանել, փայփայել, սնել նոր ուժով ու կամքով: Մեր անկախ պետության զարգացմանն ու շենացմանը պետք է մասնակից դառնա յուրաքանչյուր հայ մարդ՝ ներկա ու գալիք սերունդները՝ լինելով հայրենասեր, ունենալով ազգային արժանապատվություն:
Թող շնորհավոր լինի համայն հայության հայրենիքի Անկախության տոնը: Թող որ խաղաղ երկնքի տակ ու ստեղծագործ աշխատանքով Հայաստանը շարունակի իր անկախության անկասելի երթը՝ որպես հզոր, զարգացած ու քաղաքակիրթ երկիր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին