Եռօրյա վարպետաց դասերը եզրափակվեցին

Դիտումների քանակ՝ 1058

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ եռօրյա վարպետաց դասերի վերջին օրն էր: Համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում «Անդրկովկասն արդի աշխարհաքաղաքականության մեջ.  հայացք Ռուսաստանից» թեմայով   դասախոսությամբ հանդես եկավ փորձագետ, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, տեխնիկական գիտություների թեկնածու Իգոր Նիկոլայչուկը: Հանդիպմանը ներկա էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ասպիրանտներ:

Անդրադառնալով քննարկվող թեմային՝ բանախոսը ներկայացրեց Ռուսաստանի և Անդրկովկասի կերպարները արևելքի երկրների համար: Ապա նա պատմական անդրադարձ կատարեց տարածաշրջանին և կանգ առավ Հայաստանի անցած ճանապարհի վրա, հիշատակեց նրա բազմադարյա պատմության մեջ կարևոր դերակատարություն ունեցած մշակութային ու քաղաքական գործիչներին, գիտնականներին, վեր հանեց այն իդեալներն ու երազանքները, որ հայ ժողովուրդը փայփայել է ու կյանքի կոչել:

Իգոր Նիկոլայչուկը շեշտեց, որ Հայաստանի գերբը մի հիասքանչ տեսարան է ներկայացնում, որը խորհրդանիշների միջոցով աշխարհաքաղաքական մեծ իմաստ է արտահայտում:  Բանախոսը կանգ առավ Ռուսաստանի և Հայաստանի միջև աշխարհաքաղաքական գործընկերության անցյալի ու ներկայի իրավիճակի վրա, ընդգծեց այդ գործընկերության այն կարևոր դրույթները, որոնց շնորհիվ տարածաշրջանում կպահպանվի խաղաղություն:

Դասախոսության ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում, փորձագետը պատասխանեց լսարանի հարցերին: Ավարտին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին կառուցողական ու արդյունավետ համագործակցության համար:

Հիշեցնենք՝ վարպետաց դասերը կազմակերպել էր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝  ՌԴ Ա.Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին