Կանադական «EXO U» ընկերությունը՝ ՀՊՏՀ-ում
Մեր համալսարանում են կանադական «EXO U» ընկերության ներկայացուցիչները՝ փոխնախագահ Ռենե Մարկեսը և տեխնիկական ապահովման մասնագետ Վիտալի Ռոմանենկոն: Սեպտեմբերի 16-ին նրանք ՀՊՏՀ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի հյուրն էին և ներկայացրեցին «EXO U» ծրագրի էությունը, հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Չալաբյանը, նույն ամբիոնի դասախոս Քրիստինե Թորգոմյանը (ով հանդիպման նախաձեռնողն է), գիտության և ասպիրանտուրայի բաժինների ներկայացուցիչները:
«EXO U»-ն 21-րդ դարի կրթության համար առաջարկում է նորաստեղծական լուծումներ՝ ուսումնական հաստատությունների տեխնիկակական ապահովում: Ընկերությունը համագործակցում է պետական կրթական հաստատությունների հետ՝ ինտեգրման կառավարման համար առաջարկելով «EXO U» համակարգային ծրագիրը և կիրառելով առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ծրագիրը դասախոսներին առաջարկում է արդյունավետ դասավանդման գործիքավորում, ուսանողներին օժտում է համատեղ ուսման փորձով, որի շնորհիվ նրանք կարողանում են լուծել կոլեկտիվ խնդիրներ: «EXO U»-ն աշխատում է համացանցի համընդհանուր աղբյուրին միացած կամ առանց դրա՝ օգտատերերին առաջարկելով թվային կոնտետնի և հավելվածների կիրառմամբ անվտանգ և գրավիչ մեթոդներով ուսուցում և ուսումնառություն միասնական աշխատանքային տարածքում:
Այսօր հյուրերը հանդիպում ունեցան պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի հետ, քննարկեցին համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, անհրաժեշտ տեղեկատվություն ստացան համալսարանի տեխնոլոգիական ու ծրագրային հագեցվածության մասին:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրումը ուսումնական գործընթացում հրատապ է և կարող է գիտելիքի փոխանցման գործընթացն ավելի արդյունավետ դարձնել: Բացի այդ, սա կարող է հետաքրքրություն առաջացնել ուսանողների շրջանում՝ նկատի ունենալով, որ նրանք տիրապետում են այսօրվա տեխնոլոգիաներին, և բազմազանություն մտցնել ուսումնական գործընթացում»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Վարդանյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին