Ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ դասախոսությունները շարունակվում են

Դիտումների քանակ՝ 1157

Տնտեսագիտական համալսարանում շարունակվում են ռուսաստանցի փորձագետների մասնակցությամբ  եռօրյա դասախոսությունները: Միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր կայացավ հերթական դասը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոս, քաղաքագետ, «Արտաքին քաղաքականություն» պորտալի վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Անդրեյ Սուշենցովի բանախոսությամբ: Դասախոսության թեման էր՝ «Ճգնաժամն Ուկրաինայում և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը»:

Վարպետաց դասին մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակազմը՝ տնօրեն,  տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, երիտասարդ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, ասպիրանտներ:

Բանախոս Սուշենցովը նախ ներկայացրեց իր համալսարանի (վերոնշյալ) աշխատանքն ու գործունեությունը, ապա   անդրադառնալով թեմային, նշեց, որ այն արդիական է և, հարկավ, շատերին է հետաքրքրում: Անդրադարձ եղավ ուկրաինական ճգնաժամի արմատներին, դրա բնորոշ գծերին, խոսվեց Ռուսաստանի  արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ու առաջնահերթությունների մասին: Այս համատեքստում փորձագետը լուսապատկերի միջոցով ներկայացրեց ռազմական արտաքին և ներքին անվտանգությանն առնչվող  խնդիրները, ռազմական վտանգներն ու սպառնալիքները և այլն:

Դասախոսության ավարտից հետո  բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին, թեմայի շուրջ ծավալվեց քննարկում, տեղի ունեցավ բանավեճ:

Նշենք, որ ուսանողների կողմից մեծ ակտիվություն է նկատվում. դասախոսություններն ունկնդրելու են գալիս թե' բակալավրիատի ուսանողներ, թե' մագիստրանտներ:

Վաղը, ժամը 13.00-ին, եռօրյա վարպետաց դասերը կեզրափակվեն «Անդրկովկասն արդի աշխարհաքաղաքականության մեջ.  հայացք Ռուսաստանից» թեմայով՝  Իգոր Նիկոլայչուկի բանախոսությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին