ՀՊՏՀ բակում երեկոն 1-ին կուրսեցիներինն էր
Տնտեսագիտականի բակն այսօր երեկոյան թնդում էր ծափողջույններից և ուրախ տրամադրությունից. ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ 1-ին կուրսեցիներին նվիրված երաժշտական թեժ երեկո` ակումբային երաժշտության ուղեկցությամբ:
Նշենք, որ երեկոն կազմակերպվել էր ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Միջոցառման սկզբում համալսարանի առաջին կուրսեցիներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից շնորհավորելով ՀՊՏՀ ընդունված ուսանողներին: Բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ուսանողներին հայաստանյան բուհերի շարքում նախապատվությունը Տնտեսագիտական համալսարանին տալու համար, ապա հորդորեց ակտիվ լինել ուսանողական կյանքում՝ թե ուսման մեջ, թե ուսանողական առօրյայում:
Կորյուն Աթոյանն իր ելույթում, մասնավորապես նշեց. «Սեպտեմբերմեկյան մեր առաջին հանդիպումից հետո շատ ժամանակ չի անցել, ուստի հաճելի է տեսնել, որ դուք կամաց-կամաց ինտեգրվել եք համալսարանին, արձագանքում եք բուհում կազմակերպվող միջոցառումներին: Հուսով եմ, որ ուսանողական խորհրդի 20-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված այս համերգը մեր համալսարանին ավելի կապվելու, նրա նկատմամբ ավելի սրտացավ լինելու հերթական լավ առիթը կդառնա»:
Ռեկտորը նաև կոչ արեց ուսանողներին ակտիվ համագործակցել ռեկտորատի, անձամբ ռեկտորի ու նաև ուսխորհրդի հետ՝ նշելով, որ համալսարանի ղեկավարությանը ուսանողներն իրենց առաջարկներն ու հուզող խնդիրները կարող են ներկայացնել արդեն մշակված և ներդրված ձևաչափերով:
Երեկոյի հիմնական հյուրը DJ Վակցինան էր, ուսանողներին իր երաժշտական կատարումներով ողջունեց նաև երգիչ Գրիգոր Կյոկչյանը:
ՀՊՏՀ բակը երեկոյան լուսավորության մեջ առանձնակի գեղեցիկ ու տրամադրող էր: Բարձր տրամադրություն, հաճելի ու ջերմ
ուսանողական մթնոլորտ էր բակում, որը, համոզված ենք, 1-ին կուրսեցիների ուսանողական կյանքի և ժամանցի հիշարժան մեկնարկը կլինի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնությա հետ կապերի բաժին