Մեծարանքի խոսքեր Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորին՝ ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում

Դիտումների քանակ՝ 1607

«Հարգարժան Լևոն Վարդանյանին բուհում բոլորը լավ են ճանաչում, մեծ է նրա ավանդը  համալսարանի կայացման և զարգացման գործում: Լևոն Վարդանյանը եզակի մտավորական է, բայց ես կցանկանայի խոսել նրա մարդկային տեսակի մասին: Մեծ բարեբախտություն է լինել Լևոն Վարդանյանի միջավայրում, շփվել, աշխատել նրա հետ, ծանոթանալ նրա բարձր մարդկային հատկանիշների հետ, նա իր տեսակով տարբերվում է»,- ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստի սկզբում այսպես ներկայացրեց 1984-1991թթ. Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,  բիզնեսի կազմակերպման (այժմ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման) ամբիոնի նախկին պրոֆեսոր Լևոն Վարդանյանին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հնչեցնելով համալսարանի նախկին ղեկավարի հասցեին: Պրոֆեսորին վաստակած հանգստի ճանապարհելիս համալսարանի ռեկտորը շնորհակալություն հայտնեց, մաղթեց երկար տարիների կյանք, առողջություն և հույս հայտնեց, որ նա կշարունակի իր սրտացավ խորհուրդներով մնալ համալսարանի կողքին: Երկարամյա գիտական, մանկավարժական ու ղեկավարի անբասիր աշխատանքի և տնտեսագետ կադրերի պատրաստման գործում մեծ ավանդի համար Կորյուն Աթոյանը Լևոն Վարդանյանին շնորհակալագիր հանձնեց:

Համալսարանում մի քանի տասնամյակը բոլորած պրոֆեսորն իր հերթին գնահատանքի խոսքեր հնչեցրեց ռեկտոր Կորյուն Աթոյանի ու նրա գործունեության մասին՝ նշելով. «Շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար, նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն բոլոր աշխատանքների համար, որ Դուք իրականացնում եք: Այս մի քանի տարում բուհում շատ բան է փոխվել՝ միջավայրը, լսարանները… Այս տարի ես ընտանիքիս հետ հանգստացա Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում, այնտեղ ևս զգալի աշխատանքներ էին արվել: Շնորհակալություն, ցտեսություն բոլորիդ»:

Այս արարողությունից հետո ռեկտորատն անդրադարձավ օրակարգային հարցերի քննարկմանը: Դեկանները ներկայացրեցին 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակի ակադեմիական պարտքերի երկրորդ վերահանձնման արդյունքները, զեկուցեցին նաև 2014-2015 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի կազմակերպման մասին՝ նշելով, որ ուսումնական գործընթացը սկսվել և ընթանում է բնականոն հունով, հաճախումները նորմալ են, դասաձախողումներ չկան:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը ռեկտորատին հայտնեց, որ վաղը համալսարանում հյուրընկալվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու հանձնարարեց պատշաճ կազմակերպել միջոցառմանն առնչվող խնդիրները: Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-ին նախատեսվում է Բրիտանական բիզնես դպրոցի բացումը, նախատեսվում է նաև այցելություն Արցախի համալսարան, ինչը երկու համալսարանների միջև համագործակցության շրջանակներում է: Կորյուն Աթոյանը նաև հայտնեց, որ Արցախի համալսարանի ուսանողներն այս տարի հրավիրվել են՝ ամառային հանգիստը ՀՊՏՀ մարզաառողջարանում անցկացնելու:

«Կրթության որակի բարձրացումն առաջնահերթություն է»,- շարունակեց ռեկտորը՝ նշելով, որ կրթության որակի բարձրացմանը միտված դեկանների ու պրոռեկտորների առաջարկները կքննարկվեն առաջիկայում՝ առանձին հանդիպման ժամանակ:

Անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին