Ուսանողները յուրացնում են հանրային կապերի վերաբերյալ գիտելիքներ. բաց դաս ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1306

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ «Հանրային կապերի (PR)  դերը կազմակերպություններում» թեմայով բաց դաս, որը  կազմակերպվել էր ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ: Դասը վարեց «SAGE» խորհրդատվական ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Էմմա Սարգսյանը, ով ՀՊՏՀ շրջանավարտ է: Սեմինարը հիմնված էր պրակտիկ գիտելիքների ու նորարարական գաղափարների փոխանակման վրա:

Էմմա Սարգսյանը նախ խոսեց PR-ի (public relations) և գովազդի կապի, ինչպես նաև տարբերությունների մասին. մասնագետը նշեց, որ մարդիկ հիմնականում շփոթում են այս երկու հասկացությունները, սակայն իրականում դրանց միջև  էական տարբերություններ կան, որոնք, որպես կանոն, առանձնացնում են մասնագետները: Ներկայացվեց կազմակերպություններում  հանրային կապերի կարևորությունը, ներքին և արտաքին  PR-ի տարբերությունները, տվյալ կազմակերպությունը ներկայացնելու առանձնահատկություններն ու քայլերը:

Պատկերավոր օրինակների վրա ներկայացվեցին PR  գործիքները, հաղորդակցության մոդելները, տեղեկատվության տարածողների՝ ԶԼՄ-ների հետ կապը (ինչպես կազմել և տարածել մամուլի հաղորդագրությունները, ինչ անել ԶԼՄ-ներին վստահություն ներշնչելու համար և այլն), ընդգծվեց  սոցիալական մեդիայի զգալի ազդեցությունը PR-ում:

Դասն ընթացավ ակտիվ  մթնոլորտում. բանախոսը հարցերի միջոցով ստուգում էր ուսանողների գիտելիքներն ու իր փորձը փոխանցում նրանց:

ՀՊՏՀ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ, կառավարման ֆակուլտետի ուսանողուհի  Անի  Կարապետյանի փոխանցմամբ՝  նման  դասերի կազմակերպումը շարունակական է լինելու:

Նշենք, որ ուսանողների կողմից մեծ հետաքրքրություն էր նկատվում, դասն ունկնդրելու էին եկել ավելի քան 8 տասնյակ ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին