Տոնական մթնոլորտում ՀՊՏՀ ուսանողներին դիմավորեցին նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում

Դիտումների քանակ՝ 1093

Գիտելիքի օրը տոնական մթնոլորտում դիմավորեցին նաև բուհի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում: Թեպետ համալսարանի այս ֆակուլտետը աշխարհագրորեն մի քիչ հեռու է գտնվում մայր բուհից, սակայն այն ևս արժանանում է պատշաճ ուշադրության և վերաբերմունքի: ՀՊՏՀ բակում համալսարանի հինգ ֆակուլտետների ուսանողներին շնորհավորելուց հետո այսօր առավորտյան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունելու գնաց նաև Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներին: Այստեղ առաջին կուրսեցիներին իրենց շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերը հղեցին ՀՊՏՀ ռեկտորը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, դեկան Մանուկ Մովսիսյանը և  տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը:

«Հուսով եմ, որ համալսարանին ծանոթանալուց հետո դուք կսիրեք այն և կհամոզվեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել: Այստեղ անցնելու են ձեր կյանքի լավագույն տարիները, երբ դուք հնարավորություն կունենաք գիտելիքներ ձեռք բերելու ու նաև ձեր ազատ ու անհոգ կյանքը վայելելու, իհարկե ամեն ինչ պետք է հավասարակշռված անել, որպեսզի մեկը մյուսին չխանգարի»,- համալսարանը, այստեղ իրականացվող ծրագրերը ներկայացնելուց հետո նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ՀՊՏՀ ուսանողներին մաղթելով երջանիկ ու լուսավոր ապագա: Գիտելիքի օրվա առիթով համալսարանի ռեկտորի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/rektori_yeluitner/Rektor_Septemberi_1_2014.pdf:

Շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցրեց նաև ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ շնորհավորելով նաև ուսանողների ծնողներին: «Ձեր հաջողությունների մեծ մասն այսօրվանից կախված է ձեզանից, որովհետև բուհը՝ իր բարձրորակ պրոֆեսորադասախոսական կազմով ու պատրաստակամությամբ ամեն ինչ անելու է, որ դուք կայանաք: Մենք բոլորս շահագրգիռ ենք, որ դուք բարձրակարգ մասնագետներ դառնաք: Այսօրվանից մենք մենք ձեռնամուխ կլինենք մեր, իսկ դուք՝ ձեր պարտականությունների բարեխիղճ կատարմանը»,- ասաց պրոռեկտորը:

«Ձեր կյանքի որակն այսօրվանից փոխվում է: Առաջիկա տարիները ձեզ համար ուրիշ են լինելու, այս տարիներն են հարթելու ձեր կյանքի ուղին: Դուք ընդունվել եք հանրապետության թերևս լավագույն բուհերից մեկը, քանի որ այստեղ մենք պատրաստում ենք պրակտիկ մասնագետներ, որոնց պահանջն ունի մեր պետությունը»,- իր խոսքում նշեց տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ՀՊՏՀ ուսանողները հենց բուհից սկսած լավ հնարավորություն կունենան կերտելու նաև աշխատանքային կենսագրությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր բուհը սերտ կապեր ունի ամենատարբեր ոլորտների գործատուների հետ:

Դեկան Մանուկ Մովսիսյանը ևս շնորհավորեց ուսանողներին ու նրանց ծնողներին՝ մաղթելով բարի երթ: Իսկ հանդիպման ավարտին դեկանը ուսանողներին առաջնորդեց լսարաններ, որտեղ, ընդունված կարգի համաձայն, ամբիոնների վարիչները կվարեն առաջին դասը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին