Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՊՏՀ-ում. գաղափարների իրականացման սկիզբ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր իր դռները լայնորեն բացեց ուսանողների առջև և հավուր պատշաճի դիմավորեց Գիտելիքի տոնն ու ուսումնական տարեսկիզբը: Տնտեսագիտական համալսարան ընդունված շուրջ 1000 առաջին կուրսեցիների համար այն նաև ուսանողական կյանքի առաջին օրն էր: Վաղ առավոտից համալսարանի բակում էին առաջին կուրսեցիները, նրանց ծնողները, դեկանները, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմը: Հնչում էր տոնական երաժշտություն, խանդավառ տրամադրություն էր:
«Գաղափարդ դարձրո՛ւ իրականություն». այս վերտառությամբ պաստառով համալսարանը դիմավորեց իր ուսանողներին՝ այդ կոչի մեջ ամփոփելով այն պատրաստակամությունն ու ջանքերը, որ բուհը ներ է դնում յուրաքանչյուր ուսանողի կրթության, կայացման ու գաղափարների իրականացման համար:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համալսարանի հինգ ֆակուլտետների նորընծա ուսանողներին շնորհավորեց, բարի գալուստ մաղթեց: Ռեկտորը նշեց, որ համալսարանն իր ուսանողներին, ինչպես ամեն տարեսկզբի, դիմավորում է նորություններով, նոր ծրագրերով, բարենորոգումներով՝ ի նպաստ ուսանողի և վերջինիս արդյունավետ ուսման, այնուհետև նշեց, որ բուհը, բացի կրթական միջավայրից, առաջարկում է նաև մի շարք այլ ծառայություններ՝ կեցության, հանգստի, սննդի: Կորյուն Աթոյանի ուղերձն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/rektori_yeluitner/Rektor_Septemberi_1_2014.pdf:
Որջույնի խոսք ասաց նաև ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: Նա շնորհավորեց առաջին կուրսեցիներին, մաղթեց ուսման մեջ հաջողություններ ու կոչ արեց լինել նախաձեռնող ու ակտիվ:
Ողջույնի խոսքերից ու շնորհավորանքներից հետո դեկաններն առաջին կուրսեցիներին ուղեկցեցին ֆակուլտետներ: Նրանց համար ներածական դասախոսություններ կարդացին ամբիոնների վարիչները՝ բացահայտելով ամեն մասնագիտության կարևորությունը, գրավչությունը, հեռանկարները: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում 1-ին կուրսեցիներին շնորհավորեց դեկան Աշոտ Մաթևոսյանը. «Սիրելի ուսանողներ, թո'ղ բարի լինի ձեր մուտքը Տնտեսագիտական համալսարան. համոզված եղեք, որ ընտրել եք լավագույն մասնագիտություններից մեկը: Ձեզ հուզող բոլոր հարցերը միշտ կարող եք անկաշկանդ ուղղել թե' դեկանին, թե' փոխդեկանին. շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ»:
Սեպտեմբերմեկյան առաջին տպավորությունները ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ կիսեց ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության առաջին կուրսի ուսանող Սիրանուշ Կարապետյանը. «Տպավորություններս հիանալի են, հուզմունքն ու ուրախությունը մեծ է: Անչափ ուրախ և հպարտ եմ, որ այսօրվանից սովորելու եմ իմ երազած համալսարանում՝ հարմարավետ և գեղեցիկ միջավայրում: Երկար եմ սպասել այս օրվան, երբ արդեն զգում եմ ուսանող լինելու բերկրանքը»:
Այսօր առավոտյան ֆակուլտետների միջացքներում դասատախտակների մոտ խմբված էին ծնողներ, որոնք ժպիտով ու հպարտության զգացումով ծանոթանում և գրի էին առնում դասացուցակները: ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Վարդանյանի մայրը՝ Լիանա Մաթևոսյանը մեզ ասաց, որ հպարտ է այսօր ՀՊՏՀ-ում գտնվելու, դստերը համալսարան ուղեկցելու համար: «Շատ ուրախ եմ, որ դուստրս այսօրվանից համալսարանական կրթություն է ստանալու ՀՊՏՀ լավագույն ֆակուլտետներից մեկում, որն ունի երկար տարիների պատմություն և տվել է փայլուն շրջանավարտներ: Օգտագործելով պատեհ առիթը՝ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, հատկապես 1-ին կուրսեցիներին, նրանց ծնողներին, մաղթում եմ հաջող ուսումնառություն»:
Այսօր 1-ին կուրսեցիներին բաժանվեցին համալսարանի պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի համարներ:
Հավելենք նաև, որ Տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարին սկսեց նոր մթնոլորտում. ուշագրավ լուծումներով վերանորոգված 3 ֆոեներով, կրթօջախի բարեկարգմանն ուղղված մի շարք ծրագրեր բարեհաջող ավարտած, ինչին մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես շնորհավորում է Գիտելիքի տոնը, ուսումնական տարեսկիզբն ու առաջինցիների նորամուտը: Մաղթում ենք իմաստավորված ու հագեցած ուսումնառության տարիներ, ուսանողական լիաբուռն կյանք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին