Նոր ուսումնական տարվան ընդառաջ. առաջին կուրսեցիների առաջին ծանոթությունը ՀՊՏՀ-ին

Դիտումների քանակ՝ 2066

Սիրելի առաջին կուրսեցիներ, նոր՝ 2014-2015 ուսումնական տարվան ընդառաջ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է գալիս մի շարք հրապարակումներով, որոնց նպատակը ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդելն ու բուհին ծանոթացնելն է: Այս հրապարակումը նույնպես միտված է այդ նպատակին:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Տնտեսագիտական համալսարանը ձեզ՝ իր նորեկներին, հյուրընկալելու է սեպտեմբերի 1-ին, Նալբանդյան 128 հասցեում՝ ՀՊՏՀ բակում, ժամը 9.00-ին: Իսկ ինչո՞ւ ՀՊՏՀ բակում: Եթե նախկինում չեք եղել այնտեղ, ապա 2 օր անց ինքներդ կհամոզվեք, որ այն մի գողտրիկ, հարմարավետ վայր է, որտեղ, հուսով ենք, կանցնեն ձեր ուսանողական օրերի անթիվ-անհամար երջանիկ ակնթարթները: Բակը կանաչապատ է, ծաղկաշատ, այստեղ է գտնվում բացօթյա ամֆիթատրոնը, մեր համալսարանի խորհրդանշական պատը, սառնորակ ցայտաղբյուրը, անմահ զոհերի փառքը հավերժացնող հուշարձան-խաչքարը: Այո, ձեր առաջին մուտքը մեր բակ խորհրդանշական կլինի, քանի որ հենց այս բակից կբացվեն համալսարանի 5 ֆակուլտետներ (6-րդ ֆակուլտետի մասնաշենքը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում) ու բազմաթիվ կենտրոններ ու բաժիններ տանող մուտքերի դռները:

Գլխավոր մասնաշենքում տեղակայված է կառավարման ֆակուլտետը և վարչական մասը (ռեկտորատ, ուսումնակազմակերպական, հատուկ, անձնակազմի կառավարման, հաշվապահական հաշվառման, գիտության, արտաքին կապերի, իրավաբանական, ասպիրանտուրայի բաժիններ, կարիերայի և մարքեթինգի կենտրոն, քարտուղարություն, արխիվ, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինները): Այն ունի հիմնական մուտք Նալբանդյան փողոցից և մուտք՝ բակից: Ահա այդ մուտքից ընդամենը մեկ կիսահարկ իջնելով կհայտնվեք բուֆետում,  բակից շատ արագ կգտնեք նաև ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը (նույն մասնաշենքում):

Բակում ձեր ուշադրությունը կգրավի նորակառույց ապակեպատ եռահարկ մասնաշենքը. այստեղ մարզադահլիճներն են, ՀՊՏՀ գրադարանն է ու ընթերցասրահները: Բուժկետն էլ հեռու չէ, այն մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մասնաշենքի 1-ին հարկում է: Իսկ բարձրահարկ մասնաշենքում, որի տանիքին վերտառված է համալսարանի անունը, գործում են տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, 10-րդ հարկում՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը: Բակից տեսանելի չէ միայն ֆինանսական ֆակուլտետի մասնաշենքը, բայց այն քաջածանոթ է բոլորիդ, քանի որ այնտեղից՝ ընդունող հանձնաժողովից է սկսվել մեր համալսարանի հետ շատերիդ առաջին ծանոթությունը:

Սիրելի նորեկներ, սրանք այն կենտրոններն են, որոնց հետ առիթ կունենաք առնչվելու՝ անկախ նրանից, թե որ ֆակուլտետում եք սովորում: Իսկ ձեր ֆակուլտետների մասնաշենքերում դուք որևէ դժվարություն չեք ունենա. ձեր կողքին կլինեն դեկանները, դասախոսները, աշխատակիցները:

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ ընդունվածներին հիշեցնենք, որ իրենց ֆակուլտետի մասնաշենքը գտնվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Զեյթուն թաղամասի  Պարույր Սևակի 77 հասցեում, առաջին կուրսեցիները այնտեղ պետք է լինեն սեպտեմբերի 1-ին, ժամը 9.00-ին:

Եվս մեկ հիշեցում. Տնտեսագիտական համալսարանն իր մարզաբնակ ուսանողներին տրամադրում է կեցության մատչելի պայմաններ. խոսքը «Տնտեսագետ»  ուսանողի տան մասին է, որը գտնվում  է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Ն. Ստեփանյան 1 հասցեում (թաղապետարանին հարակից): Ցանկացողները պետք է դիմեն ՀՊՏՀ քարտուղարություն:

Թող ձեր մուտքը բարի լինի, սիրելի առաջին կուրսեցիներ:

Հ.Գ. Հուսանք, ձեզ կօգնի նաև մեր պատրաստած և տեղեկատվության հետ ներկայացվող լուսանկարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին