Բարի գալուստ նոր ուսումնական տարի. Տնտեսագիտականը պատրաստ է դիմավորել իր ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1275

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀՊՏՀ-ն նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ է իրականացնում՝ հանդիսավոր պայմաններում դիմավորելու իր ուսանողներին, այդ թվում՝ առաջին կուրսեցիներին: Ուսումնական գործընթացը կկազմակերպվի նպաստավոր բարենորոգ միջավայրում, կրթական նոր ծրագրերով, ուսումնամեթոդական նոր մոտեցումներով:

Շտապում ենք տեղեկացնել, որ ՀՊՏՀ կառավարման, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետների առաջին կուրսեցիներին համալսարանի ռեկտորատը, դեկանատները, պրոֆեսորադասախոսական կազմը կդիմավորեն Նալբանդյան 128 հասցեում՝ ՀՊՏՀ բակում սեպտեմբերի 1-ին, ժամը 9.00-ին, որտեղ ողջույնի ու շնորհավորանքի  խոսքերից հետո դեկանները և ամբիոնների վարիչները նորեկներին կուղեկցեն ֆակուլտետների լսարաններ, որտեղ ամբիոնների վարիչները կկարդան ներածական դասախոսություններ: ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներին սեպտեմբերի 1-ին, ժամը 9.00-ին կդիմավորեն Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Զեյթուն թաղամասի  Պարույր Սևակի 77 հասցեում, որտեղ և կանցկացվի հանդիսավոր միջոցառումը: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին hայտնեց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Նա նշեց նաև, որ առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար ուսումնական տարվա առաջին օրը սեպտեմբերի մեկն է՝ դասերի մեկնարկը՝ բակալավրիատում՝ 9.30-ին, մագիստրատուրայում՝ 14.05-ին:

Ուսումնական տարվա սկզբին շատ մարզաբնակ  և օտարերկրյա ուսանողների համար գոյություն ունի կացարանի խնդիր: Սիրով տեղեկացնում ենք, որ մեր բուհը մատչելի գնով առաջարկում է հիմնանորոգ ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ՝ «Տնտեսագետ»  ուսանողի տանը, որը գտնվում  է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Ն. Ստեփանյան 1 հասցեում (թաղապետարանին հարակից): Ցանկացողները պետք է դիմեն ՀՊՏՀ քարտուղարություն:

Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 3-ին համալսարանում սկսվում է պարտքերի  վերահանձնման 2-րդ փուլը. սեպտեմբերի 3-10-ը՝ առկա բակալավրիատում, սեպտեմբերի 8-16-ը՝ հեռակա բակալավրիատում, առկա և հեռակա մագիստրատուրայում:

Բարի գալուստ նոր ուսումնական տարի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին