ՀՊՏՀ-ն՝ Համաեվրոպական ուսանողական մարզական խաղերի մասնակից, մեր ուսանողը` լավագույն ռմբարկու
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի տղաների հավաքականը սույն թվականի հուլիսին մասնակցել է Ռոտերդամում անցկացվող Համաեվրոպական ուսանողական մարզական 2-րդ խաղերին: Հայաստանը ֆուտզալ մարզաձևում ներկայացնող Տնտեսագիտական համալսարանի թիմը տարբեր երկրների բուհերի 24 թիմերի շարքում զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ հավաքականի անդամ, ՀՊՏՀ ուսանող Նարեկ Մակարյանը ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ՀՊՏՀ հավաքականի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Էլեոնորա Գրիգորյանի հետ, ով նշեց, որ 9 հոգուց բաղկացած թիմը բոլոր խաղերի ընթացքում հանդես է եկել մեծ խանդավառությամբ: Տղաները փայլուն խաղ են ցույց տվել հատկապես Կիպրոսի և ֆինլանդիայի թիմերի հետ հանդիպումներում`հաղթանակ տանելով համապատասխանաբար 13-6 և 8-1 հաշվով։ Մեր տղաները ոչ-ոքի են խաղացել Պորտուգալիան ներկայացնող Կոիմբրայի համալսարանի թիմի հետ, որը 2-րդն է առաջնության վարկանիշային աղյուսակում։ Մարզչի հավաստմամբ՝ ՀՊՏՀ թիմն, իրավամբ, տպավորիչ խաղեր է ցույց տվել:
«ՀՊՏՀ մարզիկները պատվով ներկայացրեցին մեր երկիրը: Մեծ ձեռքբերում էր Նարեկ Մակարյանի՝ «Առաջնության լավագույն ռմբարկու» կոչումը: Նարեկ Մակարյանը միշտ աչքի է ընկնում թե' ներբուհական, թե' համահայկական, թե' միջազգային մրցումներում: Ընդհանուր առմամբ, գոհ եմ մեր թիմի ելույթներից: Սա հետագայում ավելի լավ ներկայանալու, թերությունները շտկելու հնարավորություն տվեց մեզ »,-ամփոփեց մարզիչը:
Ի դեպ, մեր տղաները հանդես են եկել Տնտեսագիտական համալսարանը ներկայացնող խորհրդանշական կարմիր և սպիտակ մարզաշապիկներով:
Նշենք, որ Համաեվրոպական ուսանողական 2-րդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվում են 10 մարզաձևից։
Շնորհավորում ենք ՀՊՏՀ հավաքականին, Նարեկ Մակարյանին՝ լավագույն ռմբարկու կոչմանն արժանանալու առիթով և մաղթում նոր մարզական նվաճումներ:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Երկրորդ լուսանկարում՝ Նարեկ Մակարյանը՝ կենտրոնում:
Թեմայի շուրջ մամուլի անդրադարձները` նշված հղումներով.
http://www.aravot.am/2014/07/30/484209/
http://www.a1plus.am/1331732.html
http://www.slaq.am/arm/news/209299/
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին