Ազգային անվտանգության հիմնախնդիրները՝ մասնագիտական դիտակետում. Վարդան Աթոյանի նոր հրատարակությունը

Դիտումների քանակ՝ 1544

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Աթոյանի «Ազգային անվտանգության հիմնախնդիրներ» (Դասախոսություններ) (Եր., «Տնտեսագետ», 154 էջ) գիրքը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի և ՀՊՃՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Սիրակ Հովհաննիսյանի գրախոսությամբ:

Ինչպես տեղեկանում ենք գրքի ծանոթագրությունից, դասախոսություններում ներկայացվում է ազգային անվտանգության էությունը, առանցքային հասկացությունները, բաղադրիչները, ուղղություններն ու ապահովման եղանակները: Դիտարկված են ազգային անվտանգության ապահովման ոլորտում ուղեղային կենտրոնների մասնակցության ձևաչափին և դերակատարմանն առնչվող հարցերը, ինչպես նաև անվտանգության ապահովման հիմնահարցերը՝ համաշխարհային տնտեսության գլոբալացման համատեքստում: Միաժամանակ քննարկվում են գլոբալ տեղեկատվական համակարգի և ցանցային հասարակության առանձնահատկությունները, տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնահարցերն ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաները: Առանձին անդրադարձ է կատարված երկրի ռազմական և տարածաշրջանային անվտանգության ապահովման հիմնախնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

Աշխատանքը նախատեսված է ուսանողների, դասախոսների, ինչպես նաև քաղաքագիտությամբ ու ազգային անվտանգության հիմնախնդիրներով հետաքրքրվող մասնագետների համար:

«Երկու խոսք» բաժնում պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը, անդրադառնալով դասախոսությունների բովանդակությանը, համոզմունք է հայտնել որ Ազգային անվտանգության տեսության ուսումնասիրությունը և ըստ պատշաճի կրթագիտական համակարգում ներկայացումը հայ քաղաքագիտական հանրության համար նորություն է: Նրա խոսքով՝ մեկ դասընթացում հնարավոր չէ սպառիչ պատասխան տալ ազգային անվտանգության վերաբերող բոլոր հարցերին, ինչին ամենևին հեղինակը չի հավակնել, այդ իսկ պատճառով շեշտադրումները կատարել է առավել հիմնական և արդիական հնչեղության հիմնախնդիրների ուղղությամբ:

Կարևորելով այն հանգամանքը, որ Վարդան Աթոյանը ազգային անվտանգության ոլորտում ունի ոչ միայն գիտական, դասախոսական, այլև պրակտիկ աշխատանքի փորձ, Ավագ Հարությունյանը նկատել է, որ գիրքը իր ուրույն ներդրումը կունենա ազգային անվտանգության տեսության քաղաքագիտական մշակման գործընթացում:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում աշխատանքային նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին