«Տնտեսագետ» մարզաառողջարան. ակտիվ ու կազդուրիչ հանգիստ ՀՊՏՀ-ականների համար
Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը տարիներ շարունակ եղել է համալսարանի աշխատակիցների, դասախոսների և ուսանողների ամառային հանգստի սիրելի վայրերից մեկը, քանի որ գեղատեսիլ ու զով բնության գրկում առաջարկել է մատչելի ու որակյալ ծառայություն: Յուրաքանչյուր տարի մարզաառողջարանի պայմանները բարելավելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը ներդրումներ է կատարում, բարեկարգում ու նորացնում է՝ յուրօրինակ ձևով իրականացնելով աշխատակիցներին և ուսանողներին ուղղված սոցիալական քաղաքականություն:
Օգոստոսյան այս օրերին չորրորդ ու վերջին հերթափոխում իրենց ակտիվ ու կազդուրիչ հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամները: Նախորդ երեք հերթափոխերի ընթացքում մարզաառողջարանը հյուրընկալել է համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին, նրանց ընտանիքների անդամներին:
Մարզաառողջարանի պետ, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց. «Չորրորդը ամենաակտիվ հերթափոխն է, քանի որ համախմբվում են ամենաաշխույժ ու նախաձեռնող երիտասարդները: Նրանք ոչ միայն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում մեր կազմակերպած միջոցառումներին՝ արշավներ, էքսկուրսիաներ դեպի Ջուխտակ վանք, Մաթոսավանք, Գոշավանք, Հաղարծին և այլ պատմական վայրեր, մարզական խաղեր ու մրցումներ՝ թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, այլև կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր, մշակութային երեկոներ, խարույկի շուրջ հավաքներ ու իրենց դիլիջանյան օրերը դարձնում են հագեցած ու բովանդակալից»: Մարզաառողջարանի պետը հավաստիացրեց, որ նախորդ հերթափոխերի հանգստացողները մեկնելիս շնորհակալական ջերմ խոսքեր են ասել՝ իրենց հանգիստը լավագույնս կազմակերպելու համար: Պարոն Կյոկչյանն ընդգծեց, որ մեր մարզաառողջարանից վառ տպավորություններով են մեկնել նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները, որոնց հանգիստը անվճար կազմակերպել է ՀՊՏՀ ղեկավարությունը՝ յուրաքանչյուր հերթափոխի համար հատկացնելով անվճար 5 ուղեգիր:
Հիշեցնենք, որ մարզաառողջարանն սկսել է գործել հուլիսի 5-ին և վերջին հանգստացողներին կճանապարհի օգոստոսի 25-ին:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին