ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը վաղվանից բացում է իր հյուրընկալ դռները ուսանողների և աշխատակիցների համար

Դիտումների քանակ՝ 1405

Հարգելի գործընկերներ և ուսանողներ, ուրախությամբ հիշեցնում ենք, որ Դիլիջանում գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը վաղվանից իր հյուրընկալ դռները կբացի համալսարանի աշխատակիցների և ուսանողների, նրանց  ընտանիքների անդամների առաջ:

«Յուրաքանչյուր տարի մենք փորձում ենք որոշակիորեն բարելավել մեր համալսարանի մարզաառողջարանը, որտեղ մատչելի պայմաններով ապահովում ենք մեր աշխատակիցների և ուսանողների հանգիստը: Սա աշխատակիցներին և ուսանողներին ուղղված համալսարանի սոցիալական քաղաքականության  բաղադրիչներից է: Ինչպես գիտեք, մեր ուսանողների և աշխատակիցների համար իրականացնում ենք տարատեսակ սոցիալական ծրագրեր, կրթաթոշակներ, աշխատակիցների համար նաև՝ բժշկական ապահովագրություն: Մարզաառողջարանային հանգիստը ևս մեր կողմից լրացուցիչ աջակցության յուրօրինակ ձև է, որ ամեն տարի փորձում ենք ապահովել: Մեկ լավ նորություն էլ ունենք. այս տարի մարզաառողջարանի յուրաքանչյուր հերթափոխում բացարձակ անվճար  ձևով ներգրավելու ենք 5 ուսանող Արցախի պետական համալսարանից»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ ղեկավարության ջանքերի շնորհիվ Բլդան գետի գեղատեսիլ ափին դուք կանցկացնեք մարզական ու առողջարանային համակցված հանգիստ. բացօթյա հարմարավետ ճաշարանում մեր հմուտ խոհարարները կառաջարկեն բարձրորակ ուտեստներ, ձեր տրամադրության տակ կլինեն մարզադաշտը, մշակութային ակումբը, կկազմակերպվեն էքսկուրսիաներ, մարզական խաղեր ու մշակութային երեկոներ: Դիլիջանյան փարթամ անտառների գրկում դուք կվերագտնեք աշխատանքային և ուսումնական տարվա ընթացքում սպառած կենսական ուժերը:

Հիշեցնենք, որ մարզաառողջարանը, ինչպես միշտ, կգործի 4 հերթափոխով. հուլիսի 5-ից հուլիսի 17-ը, հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնից հայտնում են, որ այս պահին ուղեգրեր կան բոլոր հերթափոխերի համար, բացի չորրորդից:  Երկրորդ, երրորդ հերթափոխի  երկհարկանի քոթեջների ուղեգրերը սպառվել են, կարող եք ձեռք բերել միայն տնակների համար: Առաջին հերթափոխի համար և՛ քոթեջներում, և՛ տնակներում առայժմ կան ազատ տեղեր: Տեղեկացնենք նաև, որ ցանկացողները կարող են ձեռք բերել նաև 6 կամ 7-օրյա ուղեգրեր՝ վճարելով արժեքի կեսը:

Հիշեցնենք՝ տոմսերի արժեքը չի փոխվել. համալսարանի աշխատակիցների և ուսանողների  համար մարզաառողջարանում 13 օր  հանգստանալու 1 ուղեգրի  արժեքը կազմում է 35 հազար դրամ, իսկ ընտանիքի անդամների համար՝ 40 հազար դրամ: Ուղեգրերը ձեռք բերելու համար պետք է դիմել ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժին` անձը հաստատող փաստաթղթով:

Մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին