«Ամբերդ»-ում ուսումնասիրում են բնական ռեսուրսների օգտագործման նորամուծական եղանակները

Դիտումների քանակ՝ 1310

ՀՊՏՀ «Ամբերդ»  հետազոտական կենտրոնում այսօր  քննարկվեց  «Բնական ռեսուրսների օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը և Հայաստանում կիրառման հնարավորությունները» թեման: Հետազոտության համահեղինակներ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության մագիստրանտներ  Լուիզա Ավետիսյանն  ու  Լիանա Աղեկյանը  ներկայացրեցին իրենց աշխատանքի միջանկյալ հաշվետվությունը: Երիտասարդ հետազոտողների այս խմբի ղեկավարն է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:

Մագիստրանտները խոսեցին ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման եղանակների մասին, ներկայացրեցին Հայաստանում բնապահպանական մի շարք խնդիրներ,դրանց հետևանքները և կանխարգելման մեթոդները: Տարբեր երկրների օրինակներով ցույց տրվեցին բնական ռեսուրսների օգտագործման նորամուծական տեխնոլոգիաների առավելությունները, ընդգծվեցին դրանց ներդրման կարևորությունն ու շահավետությունը: Մեր երկրում նորամուծական տեխնոլոգիաների կիրառման համար հետազոտողները նկատի էին ունեցել Հայաստանի  առանձնահատկությունները՝  ներկայացնելով ներդրման հնարավորությունները:

Բանախոսների ելույթների  ավարտից հետո հետազոտական կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին հարցադրումներ և ծավալվեց թեժ քննարկում՝ Հայաստանում բնօգտագործմանն առնչվող խնդիրների շուրջ:

Քննարկման ավարտին Սամվել Ավետիսյանը շեշտեց թեմայի հրատապությունը՝ նշելով, որ բնական ռեսուրսները կենսական նշանակություն ունեն, այդ պատճառով թեման հրատապ է:

«Պետք է թեման ուսումնասիրել բազմակողմանի, վերհանել բնօգտագործման ոլորտում առկա բոլոր խնդիրները և ներկայացնել դրանց լուծմանն ուղղված  կառուցողական առաջարկներ: Միջազգային լավագույն փորձի կիրառումը Հայաստանում պետք է կատարվի խելամիտ ձևով»,- ընդգծեց տնօրենը:

Նշենք, որ  նախատեսված է  մագիստրոսական խմբերի հետազոտության վերջնարդյունքները ներկայացնել օգոստոսին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին