Ատենախոսության քննարկում՝ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնում

Դիտումների քանակ՝ 1053

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնն այսօր հրավիրված էր ատենախոսության նախնական փորձաքննության՝ քննարկելու հեռակա ասպիրանտ Արգամ Արտաշյանի «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման տնտեսամաթեմատիկական վերլուծությունը ՀՀ ոռոգման համակարգի օրինակով» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Գիտական ղեկավարն է  տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը: Վերջինս, քննարկման ավարտից հետո, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց. «Ատենախոսության նախնական փորձաքննությունը տևեց երկուսուկես ժամ և  շատ արդյունավետ ընթացք ունեցավ: Ատենախոսը ներկայացրեց կատարված աշխատանքը, հիմնական դրույթները, ապա հանդես եկան գրախոսները՝ պրոֆեսոր Թորգոմ Նալչաջյանը և դոցենտ Ելենա Մանուկյանը: Նրանք համակողմանիորեն վերլուծեցին աշխատանքը, կատարեցին դիտողություններ, առաջարկություններ: Թեման արդիական է, հետևաբար մեծ հետաքրքրություն ներկայացրեց, ու ատենախոսը պատասխանեց մեծաթիվ հարցերի, ծավալվեց քննարկում: Հուսով եմ՝ դիտողությունները հաշվի կառնվեն, և վերանայումների արդյունքում աշխատանքը մեծապես կշահի»:

Պրոֆեսոր Սարգսյանը շեշտեց, որ ամբիոնը մեկ անգամ ևս հնարավորություն կտա ատենախոսին՝ հանդես գալ աշխատանքի բարելավված տարբերակով, որտեղ տեղ կգտնեն ընդունելի դիտողությունների հիման վրա կատարված փոփոխությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին