Կլիմայական փոփոխությունները և դրանց հետևանքները «Ամբերդ» հետազոտական կենտրոնի դիտակետում են

Դիտումների քանակ՝ 1380

«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր  տեղի ունեցավ մագիստրոսական խմբերից  մեկի հետազոտական թեմայի, այն է՝ «Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատումը և հարմարեցման միջոցառումների իրականացումը Հայաստանում»  միջանկյալ քննարկումը: Խմբի ղեկավարն է կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, հետազոտության համահեղինակներն են մագիստրանտներ Մելինե Եսայանը, Տաթևիկ Թովմասյանը և Տաթևիկ Քոչարյանը:

Քննարկմանը նախ ներկայացվեց  հետազոտության բովանդակությունը, ապա խոսվեց  կլիմայի փոփոխության պատճառների, ջերմային էֆեկտի, ջերմային գազերի արտանետման աղբյուրների, կլիմայի փոփոխության դրսևորումների մասին: Մագիստրոսական խումբը  վերլուծել էր կլիմայի փոփոխության հետևանքները և մեր հանրապետության օրինակով կանխատեսումներ արել մինչև 2100 թվականը: Ուշագրավ էր հատկապես հետազոտության այն մասը, որը ցույց էր տալիս կլիմայի փոփոխության ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա: Հետազոտողները կարևորեցին համալիր միջոցառումների իրականացումը՝ ուղղված կլիմայական  վնասակար փոփոխությունների դեմ: Ընդգծվեց  նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներից օգտվելու կարևորությունը, խոսվեց քաղաքային կանաչ լուսավորության ներդրման հնարավորությունների, առավելությունների մասին:

Մագիստրանտների ելույթներից հետո հարցադրումներով հանդես եկան և իրենց դիտարկումները ներկայացրին կենտրոնի աշխատակիցները՝ «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանը, «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը, գլխավոր մասնագետ, տ.գ.թ. Սուրեն Բաբաջանյանը:

Սամվել Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց հետազոտական  խմբի անդամներին, նշեց, որ հետազոտության վերջնարդյունքը ստանալու համար մեկ ամսից ավելի ժամանակ կա, ինչը լավ հնարավորություն է աշխատանքը հղկելու և վերջնական տեսքի բերելու համար: «Պետք է շեշտադրեք այն առաջարկները, որոնք ուզում եք ներկայացնել: Հուսով եմ, որ  արդյունքում լավ աշխատանք կստացվի», - հանդիպումը եզրափակեց տնօրենը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին