Հետբուհական կրթության զարգացման ճանապարհին

Դիտումների քանակ՝ 1000

Հունիսի 16-17-ին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում  տեղի է ունեցել «Հետբուհական կրթության խթանման գործիքները» թեմայով սեմինար, որը հերթականն էր ԵՄ Տեմպուս ծրագրի «Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» (VERITAS) նախագծի շրջանակներում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս սեմինարին ներկայացնում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ  Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր  Պարույր Քալանթարյանը, Տեմպուսի «Արարատ» ծրագրի համակարգող, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Աննա  Փախլյանը:

Հունիսի 16-ին՝ սեմինարի առաջին օրը, ելույթներով հանդես են եկել ԵՊԲՀ-ի ներկայացուցիչ, ծրագրի համակրգող Մարինե Բալասանյանը, Ավստրիայի ներկայացուցիչ Դինո Մույկիչը, ՀՀ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը: Վերջինս իր ելույթում ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխությունների նախագիծը:

Հանդես են եկել նաև ԵՄ գործընկեր համալսարանների՝ Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանի, Շվեդիայի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտի, Իսպանիայի Ջիրոնայի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա համալսարանի ներկայացուցիչները՝ ներկայացնելով հետբուհական կրթության միջազգայնացման, աշխատաշուկայի հետ կապի և միջհամալսարանական համագործակցության իրենց բուհերի փորձը:

Հունիսի 17-ին  ծրագրի շրջանակներում հետագա գործողությունների վերաբերյալ զեկուցել է ծրագրի ղեկավար խմբի անդամ Սուսաննա Կարախանյանը:

Նույն օրը զեկուցումներով հանդես են եկել հայաստանյան գործընկեր համալսարանները: ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ  Վարդանյանն անդրադարձել է համալսարան-աշխատաշուկա համագործակցությանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում պրոֆեսորը նշեց. «Իմ զեկուցման մեջ կարևորել եմ այն, որ նախքան բարձրագույն կրթության երրորդ աստիճանի միջազգայնացումը, ինչպես նաև միջհամալսարանական համագործակցությունը, պահանջվում է բարձրացնել այդ աստիճանի որակը, մրցունակությունը, որը հնարավոր է բարձրագույն ուսումնական հաստատություն-կառավարություն-աշխատաշուկա սիներգետիկ հարաբերությունների զարգացմամբ՝ նշելով, որ դա կարող է նպաստել գիտելիքահենք տնտեսության և հասարակության ձևավորմանը»:

Պրոֆեսորն արծարծել է ՀՀ Կառավարության՝ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը, մեր համալսարանում բարձր որակավորմամբ կադրեր թողարկելու հիմնախնդիրը, կատարվող աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ այսօր պահանջվում են ստեղծարար հմտություններով օժտված աշխատողներ, ինչպիսիք կարող են հանդես գալ ասպիրանտուրան հաջողությամբ ավարտած անձինք: Գագիկ Վարդանյանը նշել է, որ ՀՊՏՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի շրջանավարտները պաշտոնական առաջխաղացման խնդիր չունեն, պահանջված են աշխատանքի շուկայում, ներգրավված են համալսարանի ներքին ֆինանսավորմամբ գիտական աշխատանքերում, կարող են փորձառություն անցնել «Ամբերդ» հետազոտական կենտրոնում, հետևաբար այս պահին չկան մտահոգություններ, այնուհանդերձ, պրոռեկտորի եզրակացությունն այն է, որ պետք է գտնել նոր ուղիներ և բացահայտել, թե ինչի կարիք կունենա շուկան ապագայում:

Սեմինարի ավարտին տեղի է ունեցել ծրագրի կայքի (www.tempusveritas.am) և նոր ամսագրի շնորհանդեսը, որը լույս կընծայվի 6-ամսյա պարբերականությամբ:

Հ.Գ. 2014-2016 թթ. VERITAS ծրագրի համակարգողը ԵՊԲՀ-ն է, նպատակն է բարելավել հետբուհական կրթությունը՝ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների հետ համապատասխանեցմամբ: Ծրագրում ներգրավված են Հայաստանի 20 բարձրագույն ուսումնական հաստատություններ և կրթական կառույցներ, եվրոպական առաջատար բուհեր ու կրթական կազմակերպություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին