Ձևավորվում է հայաստանյան ուսանողական միասնական տարածք. ամփոփվել է ՀՈւԱԱ լիագումար նիստը
Հունիսի 16-17-ը Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամում տեղի է ունեցել Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) Ընդհանուր ժողովի 9-րդ լիագումար նիստը, որի շրջանակներում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց ՀՈւԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը՝ միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել բուհերի ներկայացուցիչներ, ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՈւԱԱ նախկին անդամներ, հատուկ հրավիրված՝ ուսանողական շարժունության կայացման ակունքներում կանգնած անհատներ: Փոխնախագահի խոսքով՝ լիագումար նիստին ակտիվ մասնակցություն են ունեցել Տնտեսագիտական համալսարանի տասնյակ ուսանողներ, նրանցից շատերը հանդես են եկել զեկուցումներով: Մասնավորապես, ՀՊՏՀ ասպիրանտ Գագիկ Սիմոնյանը հանդես է եկել բուհերում մասնագիտական գրականության ներկա վիճակին վերաբերող զեկույցով, ուսանողուհիներ Արուս Հարությունյանը և Արմինե Յարալովան համապատասխանաբար ուսանողական փորձագիտական խմբերի աշխատանքին ու գործունեության հայեցակարգի վերաբերյալ և «Բոլոնիայի գործընթացը՝ հայ ուսանողների աչքերով » զեկուցումներով:
Լիագումար նիստն ամփոփվել է Տեմպուսի ծրագրերին նվիրված սեմինարով, որոնցից մեկը «Արարատն» է: ««Արարատ» ծրագիր. նպատակների քննարկում, վստահության ձևավորում» թեմայով զեկույցով հանդես է եկել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Սեմինարի շրջանակներում քննարկվել է շուկայում առկա հակասության պատճառը: Թոփչյանը նշել է՝ ծրագրի նպատակներից է, որ բուհերը հաշվի առնեն իրենց մատուցած կրթական ծրագրի պահանջարկված լինելը: ՈԱԱԿ-ը ևս հաշվի է առնում այդ գործոնը ծրագրային հավատարմագրում իրականացնելիս:
Նշենք, որ «Արարատը» եռամյա ծրագիր է (մեկնարկել է 2012թ. դեկտեմբերին), որի նպատակն է ապահովել բարձրագույն կրթության համապատասխանելիությունը փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին` Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման և գործարկման միջոցով: Ծրագրի համակարգողը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է:
Սարգիս Ասատրյանցի հավաստմամբ՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի գործունեության հիմքում միասնական ուսանողական տարածք ձևավորելն է, ուսանողի կարծիքը, ձայնը լսելի դարձնելն ու նրանց շահերի պաշտպանությունը:
«Ուրախալի է տեսնել, որ այսօրվա ուսանողը կարողանում է ներկայացնել իր դիտարկումները, առաջարկություններն ու նկատողությունները, որոնք միտված են մասնագիտական կրթության որակի բարձրացմանը»,-նշեց փոխնախագահը:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՈւԱԱ ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին