ՀՊՏՀ-ն՝ անհատույց արյունատվությունների ակտիվ մասնակից

Դիտումների քանակ՝ 948

Արյան կամավոր դոնորների միջազգային օրվա կապակցությամբ՝ հունիսի 14-ին, ՀՊՏՀ-ականները՝ պրոֆեսորադասախոսական կազմի  ներկայացուցիչներ և  խումբ ուսխորհրդականներ՝ նախագահ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, հանդիսավոր պայմաններում ստացել են շնորհակալագիր: Շնորհակալագիրը տրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին  ՀՀ առողջապահության նախարարության անունից, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի կողմից ՝ անհատույց արյունատվություններին ակտիվ մասնակցության համար:

Արյունաբանական կենտրոնի տնօրենը հատուկ շեշտել  է ՀՊՏՀ-ի անունը՝ արպես արյունատվական ակցիաների ակտիվ մասնակից:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դոնորների միջազգային օրվան նվիրված միջոցառման մասնակից  Միքայել Թավադյանը նշեց, որ նմանատիպ ակցիաներին մասնակցությունը շատ կարևոր է, հատկապես այն տեսանկյունից, որ դա կարող է փրկել բազմաթիվ  կյանքեր:

«Ինքս էլ  տարբեր ժամանակներում մասնակցել եմ արյունատվական ակցիաների: Հաճելի է, երբ գիտակցում ես, որ այդպիսով կարողանում ես օգտակար, մարդասիրական գործ անել և կյանք փրկել»,-ասաց դեկանը:

ՈւԽ նախագահ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արյունատվության ակցիաներին մասնակցությունը մեծ մարդասիրական քայլ է, այն  շարունակական է լինելու. ՀՊՏՀ-ն միշտ իր օգնությունն է ցուցաբերելու այն մարդկանց, ովքեր արյան կարիք ունեն:

ՀՊՏՀ-ականները բազմիցս կամավոր մասնակցել են արյունատվական ակցիաների:

Հ.Գ. Լուսանկարը՝ ՀՊՏՀ  ՈՒԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին