ՀՊՏՀ գրադարանը համալրվել է նոր գրքերով. նվիրատվություն գրախանութից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գրադարանը համալրվել է 180 անուն գրքերով. «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը ՀՊՏՀ գրադարանին նվիրաբերել է 220 կտոր մասնագիտական գիրք (ռուսալեզու):
Գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարևորեց Խաչիկ Վարդանյանի այս նախաձեռնությունը և նշեց, որ գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ է:
«Հաճելի է տեսնել, որ գիրք նվիրելու սովորույթը մեր ժամանակներում ևս պահպանվում է: Այս նախաձեռնության շնորհիվ ուսանողին առաջարկվող մասնագիտական գրականության ցանկը համալրվեց ևս մի քանի գրքերով, ինչը ուրախալի է: Ցանկանում եմ, որ անկախ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումից՝ գիրքը պահպանի իր վեհ արժեքը և ընթերցասիրությունը դառնա մեր կյանքի անբաժան մասնիկը: Այսօր մեր նպատակներից է գրադարանի ֆոնդի հարստացումը նաև այլալեզու գրականությամբ, իսկ այս գեղեցիկ նախաձեռնությունը լավագույնս կծառայի այս նպատակին»,-ասաց ՀՊՏՀ գրադարանի տնօրենը:
Նշենք, որ նոր գրքերի անվանացանկը շուտով հասանելի կլինի նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքի էլեկտրոնային գրադարան բաժնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին