ԵՊՀ-ն 95 տարեկան է. շնորհավորանք է հղել ռեկտոր Կորյուն Աթոյանը

Դիտումների քանակ՝ 1102

1919 թ-ի մայիսի 16-ը Երևանի պետական համալսարանի կյանքում պատմական է. այն ամրագրված է որպես ծննդյան տոն, քանի որ այդ օրը Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել: Այդ օրվանից սկսած համալսարանն անցել է հաստատման, զարգացման ու կայացման ճանապարհ, իր կենսատու գրկում ծնունդ տվել  նորանոր բարձրագույն կրթական օջախների, մասնագիտական ուղի հարթել մեծանուն գիտնականների, ականավոր գործիչների, բազմահազար բարձրակարգ մասնագետների համար:

Այս օրերին մեր երկրի խոշորագույն համալսարանը նշում է իր ծննդյան տոնը ու միաժամանակ հանրագումարի բերում իր բազմաթիվ ձեռբերումները, մեծ ավանդը:

Հունիսի 10-ից Մայր բուհում մեկնարկել են հոբելյանական միջոցառումներ, որոնց շրջանակներում անցկացվում են գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, հանդիսավոր նիստ, պոեզիայի փառատոն, տոնական համերգ, մշակութային այլ միջոցառումներ:

Հունիսի 11-ին Մայր համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին ու բոլոր համալսարանականներին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների անունից իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն է հղել  ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Ռեկտորի ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեր համալսարանը այս գեղեցիկ տոնի մեջ տեսնում է նաև իր ուրախությունը, քանզի սերվել է կրթության մայր տաճարից, ինքնահաստատ կերպով կերտել իր ճանապարհը ու երբեք չի մոռացել իրեն ծնունդ տվող ու կայացումն ապահովող օջախին:

95-ամյակը տոնելով՝ մեր բոլորիս սիրելի համալսարանը շարունակում է լինել երիտասարդ, կենսասեր` իր հպարտ գոյությունը հաստատելով որպես մտքի ու հոգու կրթության աներեր դարբնոց:

Խորին հպարտությամբ ենք այսօր նշում, որ համալսարանն իր տարիների բարձունքին հասել է մեծամեծ ձեռքբերումներով, տասնամյակների երթում բազմապատկել իր ուժը, եռանդը, հզորությունը՝ անսալով ժամանակի ոգուն, պահանջին ու ամենահամարձակ մարտահրավերներին:  Հանրապետության խոշորագույն բուհն այսօր մասնագետներ է կրթում ու թողարկում բազմաթիվ ուղղություններով ու ոլորտներով, մայր բուհում կրթության որակը համադրելի է ամենաբարձր չափանիշներին:

Վստահաբար, մեր սիրելի համալսարանը այսուհետ ևս պիտի ծառայի մեր ժողովրդին ու մեր երկրին, քանզի միտված լինելով հայ մարդու մեջ կրթության հանդեպ սեր սերմանելու գործին` բացառիկ է նրա դերակատարությունը:

Թույլ տվեք կրկին շնորհավորել ձեզ, մաղթել գիտական, ուսումնական հաջողություններ և արգասաբեր գործունեություն»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին