«Առողջության ակումբ»՝ համալսարանի աշխատակիցների համար
Սույն թվականի ապրիլի սկզբին ՀՊՏՀ-ում ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի կողմից բացվել է «Առողջության ակումբ», որը նախատեսված է բուհի աշխատակիցների համար: Ինչպես նշում է ակումբի հիմնադիր, նշված ամբիոնի վարիչի ժ/պ Սիմոն Հակոբյանը, բացման օրվանից սկսած՝ ակումբը մեկ հիմնական նպատակ ունի՝ հնարավորություն ընձեռել ՀՊՏՀ աշխատակիցներին մարզվելու և այդպիսով ավելի բարելավելու առողջությունը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի զրույցում Սիմոն Հակոբյանը ներկայացրեց ակումբի բացման նպատակը. «Ակումբն արդեն ունի իր մշտական այցելուները, և նրանցից շատերը հասել են դրական արդյունքի: Մարզումներն օգնում են շտկելու կամ կանխարգելելու ավելորդ քաշի, ողնաշարային, սրտանոթային և այլ խնդիրներ: Կարևոր է, որ մասնակիցներն իրենց պարգևում են, այսպես ասած, «մկանային ուրախություն»: Յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է հատուկ սննդակարգ և վարժությունների համալիր՝ տանը կատարելու համար: Էական նշանակություն ունի մեր աշխատակիցների առողջության բարելավմանն ուղղված գիտական մոտեցումը: Մարզումների համար տրամադրվում են ժամանակակից մարզասարքերով հագեցած դահլիճներ»:
Օրերս ընդմիջման ժամին մենք ներկա գտնվեցինք մարզումներին և մեծ զարմանքով հայտնաբերեցինք, որ մարզասրահներում տիրում է խանդավառության ու ոգևորության մի աննկարագրելի մթնոլորտ: Հաջորդ իսկ պահին մեր աշխատակցուհիների մեկնաբանությունները լրացրին մեր ստացած առաջին տպավորությունը:
«Մեզ ընձեռված է մի հրաշալի հնարավորություն՝ մարզվելու ու հոգալու մեր առողջության մասին: Շաբաթը երկու անգամյա մարզումները պարգևում են մեզ բարձր տրամադրություն, կենսական նոր լիցքեր, լավատեսություն»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ գրադարանի գրապահոցի բաժնի վարիչ Աննա Տեր-Մովսիսյանը՝ ավելացնելով, որ Սիմոն Հակոբյանի շնորհիվ ջերմության ու համախոհության մի նոր մարզական ընկերախումբ են ձեռք բերել: Մեր զրույցի պահին շտապելով մարզասրահ մտավ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Լիաննա Հակոբյանը: Մինչ բժշկուհի Նելլի Թովմասյանը կստուգեր նրա ինքնազգացողությունը, Լիաննան հայտնեց, որ աշխատանքային օրվա այս փոքրիկ մարզական ընդմիջումը իրենց մեծ եռանդ ու աշխատասիրություն է նվիրում՝ օրեցօր շոշափելի դարձնելով մարզումների դրական ազդեցությունը ինքնազգացողության ու տրամադրության վրա:
Սիմոն Հակոբյանի հավաստմամբ՝ ակումբի դռները բաց են բոլոր աշխատակիցների համար. անդամագրվել ցանկացողները կարող են դիմել ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոն: Սպորտն ու ֆիզիկական վարժությունները առողջության գլխավոր գրավականներից են: Այս առաքելությամբ է գործում «Առողջության ակումբը»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին