ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հյուրընկալվել են Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի ներկայացուցիչները
ՀՀ Վայոց Ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում հունիսի 6-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում հյուրընկալվել են Միխայիլ Լոմոնոսովի անվան Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի պատվիրակները, ինչպես նաև «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցիչները :
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը տեղեկացրեց, որ հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ճանաչողական սեմինար, որին մասնակցել են բակալավրիատի և մագիստրատուրայի տասնյակ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմը:
«Հանդիպման ընթացքում երկու համալսարանները ներկայացրել իրենց կրթական ծրագրերը, դասախոսների գիտահետազոտական գործունեությունը և այլն: Քննարկվել և ուրվագծվել են համագործակցության հեռանկարները: Նախատեսվում է համագործակցության ամրապնդում, որի շրջանակներում ենթադրվում է մի շարք կրթական, փոխանակության ծրագրերի իրականացում»,-ասաց տնօրենը:
Սոս Խաչիկյանը կարևորեց Հյուսիսային (Արկտիկական) դաշնային համալսարանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն Ռուսաստանի խոշորագույն բուհերից է, Ռուսաստանի Դաշնության ինը համալսարաններից մեկը, որն ունի բուհերի համար հատուկ՝ դաշնային կարգավիճակ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին