ՀՊՏՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողներն այցելել են Կենտրոնական բանկ
Հնդկաստանից և Սիրիայի Արաբական Հանրապետությունից ՀՊՏՀ-ում ուսումնառող բակալավրիատի և մագիստրատուրայի մի շարք ուսանողներ «Մակրոտնտեսագիտության հիմունքներ» դասընթացի շրջանակներում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աղավնի Հակոբյանի և ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի հետ այսօր այցելեցին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության առաջնահերթություններին, Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման և շրջանառության առանձնահատկություններին, բանկային համակարգի կարգավորման հիմնախնդիրներին:
ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության Մակրոտնտեսական կանխատեսումների բաժնի պետ Շահանե Հարությունյանը ուսանողներին ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արդի գերակայությունները, գնաճի թիրախավորման մեթոդաբանությունը, դրամավարկային քաղաքականության կապը մակրոտնտեսական քաղաքականության մյուս ուղղությունների հետ և պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:
Հանդիպման ավարտին ուսանողներին հանձնվեցին հուշանվերներ, ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի, կենտրոնական բանկի, ֆինանսական հաշտարարի, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մասին ուսուցողական նյութեր:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին