ՀՊՏՀ դասախոսը ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման

Դիտումների քանակ՝ 907

Հանրապետության տոնի առթիվ երեկ՝ մայիսի 28-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լյովա Սամվելյանն  արժանացել է  ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման՝ ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում մեծագույն ավանդի և ներդրման համար: Մեր դասախոսը պարգևատրվել է ոսկե մեդալով և շնորհագրով:

Արժևորելով  մրցանակը՝ Լյովա Սամվելյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնի հետ զրույցում  նշեց, որ սա երկար տարիների քրտնաջան և նվիրված աշխատանքի գնահատականն է:

«Իմ երկարամյա գործունեության ընթացքում  ձգտել եմ հնարավորինս նպաստել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, մասսայականացմանը, առողջ ապրելակերպի քարոզմանը, երիտասարդության  առողջության բարելավմանը: ՀՊՏՀ հիմնադրման օրվանից աշխատում եմ այս բուհում (38 տարի), որն ինձ համար հարազատ օջախ է»,-ընդգծեց   ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչը:

Լյովա Սամվելյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնը, նպաստել է ՀՀ-ում մարզաբազաների ստեղծմանը, Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանի հիմնադիրներից է, 120-ից ավելի գիտահետազոտական աշխատանքների հեղինակ  է, բազմիցս  հանդես է եկել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային գիտաժողովներում, ֆիզդաստիարակության և սպորտի համընդհանուր ծրագրի հեղինակն է, միջազգային կարգի սպորտի վարպետ է, արժանացել է մի շարք պարգևների, …երկար կարելի է թվարկել այս շարքը:

Շնորհավորում ենք Լյովա Սամվելյանին բարձր գնահատականի արժանանալու համար, մաղթում քաջառողջություն, ուժ ու եռանդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին