ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդիպել է ՌԴ Հարավային դաշնային համալսարանի ռեկտոր Մարինա Բորովսկայային
Մայիսի 21-ին ՌԴ Հարավային դաշնային համալսարանում կայացել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանդիպումը Հարավ-դաշնային համալսարանի ռեկտոր Մարինա Բորովսկայայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:
«Հանդիպմանը քննարկվել են երկու համալսարանների համագործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր՝ դասախոսների փոխանակման, վերապատրաստման, համատեղ ծրագրերի իրականացման, գիտական հետազոտությունների անցկացման և այլ հարցերի վերաբերյալ»,-վերադարձից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Կորյուն Աթոյանը:
ՀՊՏՀ ռեկտորը բարձր գնահատեց Հարավային դաշնային համալսարանի ռեկտորի հետ հանդիպումը՝ նշելով, որ այն հրաշալի առիթ էր համագործակցության առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և փոխգործակցությունն ամրացնելու համար:
«Մենք պայմանավորվել ենք ուսանողների և ասպիրանտների շարժունության մասին համաձայնագիր պատրաստել, որը կնպաստի երկու համալսարանների երիտասարդ գիտնականների համագործակցությանը»,- նշեց ՀՊՏՀ ռեկտորը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին