Օլիմպիադա հայոց լեզվից. կարևորվում է մասնագիտական հայերենի իմացությունը

Դիտումների քանակ՝ 1487

ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անցկացվեց հայոց լեզվի օլիմպիադա: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում այսօր օլիմպիադային մասնակցում էին առաջին կուրսեցիներ համալսարանի տարբեր ֆակուլտետներից: Առաջադրանքները կատարելու համար նրանց տրվել էր 90 րոպե, բաժանվել էին թեստեր, որոնք ընդգրկում էին հարցեր և՛ հայոց լեզվից, և՛ հայ գրականությունից:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարի Զաքարյանը նշեց, որ թեստերը կազմվել են լայն ընդգրկմամբ՝ իմացական աստիճանը ստուգող հարցերի կողքին կան տրամաբանական հարցեր, ազատ թեմայով շարադրություն, առանձին հարցերով, մասնավորապես՝ տնտեսագիտական գիտաբառերով, դարձվածքներով ու շրջասույթներով ստուգվում է ապագա տնտեսագետների մասնագիտական հայերենի իմացությունը:

«Թեստերը գնահատվելու են 40 միավորի սանդղակով, բարձր միավորներ վաստակած ուսանողները խրախուսվելու են, նրանք կազատվեն ստուգարքից, իսկ միավորը կգումարվի դասախոսի գնահատականին»,-ասաց պրոֆեսորը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին անցկացվել էր ռուսաց լեզվի օլիմպիադա: Արդյունքները հայտնի կդառնան գալիք շաբաթվա առաջին օրերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին