Ավարտական քննական եռուզեռ՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1161

Տնտեսագիտական համալսարանի  բոլոր ֆակուլտետներում շարունակվում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր հյուրընկալվեց Զեյթունում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում, շրջեց քննասենյակներով, զրուցեց ուսանողների, ամփոփիչ ատեստավորման նախագահի, դեկանի պաշտոնակատարի  հետ:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց դեկանի ժ/պ Մանուկ Մովսիսյանը, այսօր ֆակուլտետում ընթանում են ամփոփիչ ատեստավորման երկու՝ կառավարման տեղեկատվական համակարգեր  և տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ մասնագիտություններով ավարտական քննություն, ինչպես նաև   մեկ մագիստրոսական թեզերի պաշտպանություն՝ վիճակագրություն մասնագիտացումից:

Ամփոփիչ ատեստավորման նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի  տեղեկատվական անվտանգության և ռազմավարական վերլուծությունների վարչության բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահե Սարատիկյանը մեզ փոխանցեց, որ ինչպես նկատել է՝ դասախոս-ուսանող փոխհարաբերությունները  պատշաճ մակարդակի վրա են, մթնոլորտն անմիջական է և անկաշկանդ, ինչը մեծ նշանակություն ունի:

Քննասենյակներում տրամադրող մթնոլորտ էր, նշենք, որ քննություն հանձնողներն աչքի էին ընկնում իրենց ճկուն և գրագետ խոսքով, ինչը հավանության էր արժանանում նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների  կողմից: Քննությունը հանձնելուց հետո զրուցեցինք ուսանող Դավիթ Խուդաթյանի հետ, ով վստահորեն նշեց, որ քննության ընթացքից շատ գոհ է, ոչինչ չի խանգարել  գիտելիքներն արտահայտելուն: Շրջանավարտ-ուսանողը  հանձնաժողովի աշխատանքը գնահատեց շատ բարձր՝ նշելով, որ հանձնաժողովի անդամների վերաբերմունքն իրեն ոգևորում էր:

Մանուկ Մովսիսյանը հավելեց, որ երկուշաբթի՝ մայիսի 26-ին, ֆակուլտետում կկայանա ամփոփիչ ատեստավորման վերջին քննությունը: Ամփոփելով մինչ օրս կայացած քննությունները՝ դեկանի ժ/պ-ն ընդգծեց, որ շրջանավարտների  65-70 տոկոսն արժանացել է գերազանց և լավ գնահատականների, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Նրա խոսքով՝ գիտելիքների բարձր մակարդակ ցուցաբերած շրջանավարտները ստացել են աշխատանքային առաջարկներ՝ հանձնաժողովների նախագահների կողմից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին