ՀՊՏՀ դասախոսը Ֆրանսիայում մասնակցել է միջազգային կոնֆերանսի
Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասիստենտ (համատեղությամբ), տ.գ.թ. Դիանա Մինասյանը մայիսի 11-13-ը Փարիզում մասնակցել է բազմապրոֆիլ ակադեմիական կոնֆերանսի: Այն կազմակերպվել էր ISIS-ի (institute of strategic and international studies) նախաձեռնությամբ:
Նա հանդես է եկել «Միգրացիոն իրավիճակը Հայաստանում և դրա կարգավորման հնարավոր ուղղությունները» թեմայով զեկուցմամբ (անգլերեն): Դիանա Մինասյանի խոսքով՝ թեման մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում, հնչել են հարցադրումներ, որոնք ստացել են սպառիչ պատասխաններ: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դասախոսը կարևորեց նմանատիպ կոնֆերանսներին մասնակցությունը և նշեց, որ մասնագիտական զարգացման տեսանկյունից դրանք էական նշանակություն ունեն:
«Միջազգային կոնֆերանսների ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում յուրացնելու առաջադեմ գիտնականների փորձը, ընդլայնելու մեր մտահորիզոնը, աշխարհընկալումը: Տարբեր երկրների գիտնականների հետ շփումների արդյունքում ձեռք ենք բերում թե' գործնական, թե' տեսական գիտելիքներ, ծնվում են թարմ գաղափարներ , որոնք պետք է իրագործել գիտական ոլորտում: Իրավամբ, նմանօրինակ կոնֆերանսներին մասնակցությունը մեծ անհրաժեշտություն է»,-ասաց դասախոսը:
Դիանա Մինասյանը ստացել է վկայական, իսկ նրա հոդվածը տպագրվել է վերոնշյալ կոնֆերանսի զեկույցների ժողովածուում:
Նա ստացել է համագործակցության մի շարք, մասնավորապես, համատեղ հետազոտական աշխատանքներ կատարելու առաջարկներ (Մեքսիկայի, Ուկրաինայի,Մարոկկոյի, Ավստրալիայի համալսարաններից), քննարկվել են նաև ՀՊՏՀ-ի հետ համագործակցության հնարավոր ուղիները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին