Նյութական աջակցություն՝ սոցիալապես անապահով հայ ընտանիքին
ՀՊՏՀ ներկայացուցիչները երեկ՝ մայիսի 18-ին, համալսարանի անունից հերթական նյութական աջակցությունն են ցուցաբերել Բալահովիտում ապրող սոցիալապես անապահով մեկ ընտանիքի: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց բարեգործական նախաձեռնության անդամ, օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, նշված ընտանիքի մասին տեղեկացել են շատ պատահական (ծանոթներից, մտերիմներից) և անմիջապես ձեռնամուխ են եղել ընտանիքին օգնելու մարդասիրական գործին:
«Այս ընտանիքում ապրում են չորս անչափահաս երեխաներ, մայրը և տատիկը. ընտանիքը կերակրող հայրը մի քանի ամիս առաջ հանկարծամահ է եղել: Նշված ընտանիքը հայտնվել է ծայրահեղ դրության մեջ: ՀՊՏՀ արհկոմիտեի հատկացրած գումարով գնած առաջին անհրաժեշտության մթերքներով և դասախոսների, ուսանողների տրամադրած հագուստներով ու խաղալիքներով այցելել ենք այդ ընտանիքին՝ փորձելով փոքր-ինչ թեթևացնել նրա հոգսը: Հարկ է նշել, որ մեր նախաձեռնությանը միացել է նաև այլ՝ բուհի հետ կապ չունեցող ևս մեկ ընտանիք»,-ասաց Լուսինե Կարագուլյանը և հավելեց, որ այս օժանդակության կարիքը իսկապես կար:
Վերջինիս խոսքով՝ ՀՊՏՀ բարեգործական նախաձեռնությունները մարդասիրական են, ունեն մեկ հիմնական նպատակ, այն է՝ մեղմել ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքների հոգսը: Առաջիկա օրերին ՀՊՏՀ ներկայացուցիչները կայցելեն ևս մի քանի դպրոցականների ընտանիքների՝ ամփոփելով այս ուսումնական տարվա՝ բարեգործության շրջանակներում կատարվող այցելությունները: Նշենք, որ պարբերաբար իրականացվող աջակցության այս ծրագրերին միանում են համալսարանի գրեթե բոլոր օղակների ներկայացուցիչները՝ բուհի ղեկավարության գլխավորությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին