Դասը վարում է հատուկ հյուրը. ինտերակտիվ դաս՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետում
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսում մայիսի 16-ին «ֆինանսական գործիքներ» խորագրով դասը վարեց «Ագբա- Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» ֆինանսական հաշվետվությունների և հաշվառման բաժնի պետ Հռիփսիմե Պեպանյանը: Ինչպես ներկայացրեց դասախոս, տ.գ..դ. Արմեն Հակոբյանը, Հռիփսիմե Պեպանյանը ՀՊՏՀ շրջանավարտ է և տնտեսագիտական ոլորտում մեծ փորձ ունի, հասել է մի շարք հաջողությունների:
Հատուկ հյուրը վարեց դասը՝ լուսապատկերի միջոցով ներկայացնելով ֆինանսական գործիքների սկզբնական ճանաչումն ու չափումը, ֆինանսական գործիքների տեսակները, ֆինանսական ակտիվների սահմանումը, ֆինանսական պարտավորությունները և այլն: Օրինակների վրա քննարկվեցին թվարկված հարցերը: Դասն անցավ ինտերակտիվ, հարց-պատասխանի մթնոլորտում:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արմեն Հակոբյանը նշեց. «Ժամանակակից տնտեսագիտական կրթությունը չի կարող սահմանափակվել միայն տեսական դասընթացներով, հատկապես, եթե դասընթացները վերաբերում են այնպիսի ակտիվացող ոլորտների, ինչպիսիք են բանկերն ու ֆինանսական շուկաները: Ուսանողների համար միշտ էլ հետաքրքիր է լսել գրագետ և հարուստ փորձ ունեցող մասնագետների: Ուստի, կարևորում ենք նմանօրինակ բաց դասերի անցկացումն ու այն, որ դասը վարի նաև գործնական ոլորտից հրավիրված մասնագետը»:
Նշված ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը ևս կարևորեց հրավիրված մասնագետների միջոցով դասերի անցկացումն ու նշեց, որ դրանք թարմություն են հաղորդում դասավանդման գործընթացին: Դեկանը հավելեց, որ այս նախաձեռնությունները շարունակական են լինելու:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին