Երևանի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՀՊՏՀ
Հայաստանի պետական տնետեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է մայրաքաղաքի թիվ 105 ավագ դպրոցի աշակերտներին: Ճանաչողական այցելությունը կայացել է բուհի և դպրոցի միջև առկա համագործակցության շրջանակներում (ՀՊՏՀ-ն համագործակցում է մի քանի դպրոցների հետ): Նշված ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մանուկ Մովսիսյանը, դեկանի տեղակալ Փիրուզա Մայիլյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դասախոս Ելենա Մանուկյանը , ինչպես նաև մի խումբ ուսանողներ ավագ դասարանների աշակերտներին ներկայացրել են ֆակուլտետը, նրանց հետ շրջել լսարաններով, ծանոթացրել մասնագիտություններին, դասապրոցեսին, ընդունելության հետ կապված մանրամասներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Փիրուզա Մայիլյանի հետ, ով նշեց, որ աշակերտներն այցից տպավորված էին: «Աշակերտները մեր բուհից հեռացան՝ նշելով, որ արդեն իսկ ընտրել են ՀՊՏՀ-ն՝ ուսումը շարունակելու համար. մեր ներկայացուցիչները պատասխանեցին նրանց հուզող հարցերին»,-նշեց դեկանի տեղակալը:
ՀՊՏՀ-ի և ավագ դպրոցների համագործակցության ծրագրի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս այցերը շարունակական են, առաջիկայում մեր բուհը կհյուրընկալի աշակերտների այլ խմբերի: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ՀՊՏՀ ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են համագործակցության շրջանակներում և օգնում են ապագա ուսանողներին՝ մասնագիտության ընտրության հետ կապված գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին