Ուսանող-գործատու հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1148

Տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ հանդիպում՝ մարքեթինգ մասնագիտության բարձր կուրսերի ուսանողների և «Ռիչ Էլեկտրոնիքս» ընկերության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ ՀՊՏՀ մարքեթինգ մասնագիտության ուսանողների հետ  հանդիպումը համատեղ  կազմակերպել էին «Ռիչ Էլեկտրոնիքս» ընկերությունը և ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: Հանդիպման նպատակն էր նշված ընկերության  մարքեթինգի թիմը համալրելու համար համապատասխան կադրեր ընտրելը:

Վերոնշյալ ընկերության ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրեցին  իրենց գործունեությունը և ընկերության մարքեթինգի բաժնի համալրման հետ կապված մանրամասները:

Ինչպես տեղեկացրեց  ընկերության ներկայացուցիչը՝ իրենց ընկերությունը կարևորում է կոլեկտիվ  աշխատանքը և համերաշխ թիմ ունենալու հանգամանքը: Հիմնավորելով հանդիպման նպատակը՝ վերջինս նշեց, որ իրենք փնտրում են խելացի, ստեղծագործ, յուրօրինակ  միտք ու թարմ գաղափարներ ունեցող, թիմում աշխատելու կարողությամբ երիտասարդ մարքեթոլոգների:

Ուսանողները հանդես եկան իրենց հարցերով և առաջարկություններով: Նրանք լրացրեցին նաև հարցաթերթիկներ՝ նշելով իրենց  անձնական տվյալները (էլ. հասցե, հեռախոսահամար և այլն): Ավարտական կուրսերի ուսանողներն  իրենց խոսքում ընդգծեցին, որ կարևորում են առանց աշխատանքային փորձի աշխատանքի անցնելու հնարավորությունը, որն իրենց ընձեռում է ընկերությունը: Գործատուն, ամփոփելով հանդիպումը, նշեց, որ հետադարձ կապի միջոցով ուսանողներին կտեղեկացնի հետագա համագործակցության մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին