Լույս է տեսել «Տնտեսագետի» 2014 թվականի մարտ-ապրիլյան համարը
«Տնտեսագետ» ամսագրի 2014 թվականի երկրորդ համարն արդեն ընթերցողի սեղանին է:
Սիրելի ընթերցո'ղ, մարտ-ապրիլյան թողարկումը լի է բազմաբնույթ հոդվածներով: Այն սկսվում է ՀՀ նորանշանակ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին հղված ՀՊՏՀ ռեկտորի ուղերձով, ներկայացնում է հարցազրույց ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման 3-րդ տարվա առիթով, անդրադարձ կատարում «Տնտեսագետ» ուսանողի տանն ու նրա առաջին բնակիչներին և շարունակաբար կրում է գարնանային տրամադրություն՝ յուրօրինակ նվեր մատուցելով մեր համալսարանի կանանց ու աղջիկներին: Ուշագրավ է, որ այս համարի հեղինակները հիմնականում կանայք են:
Անցած ամիսները համալսարանական իրադարձությունների առումով նույնպես առատ նյութ են տրամադրել. հետահայաց լուսանկարային լրաշարքն այս համարում գերազանցել է իրեն սովորաբար տրամադրվող ծավալը:
Մարտ և ապրիլ ամիսների մեր երկրի ու աշխարհի տնտեսական, մշակութային ու հասարակական կյանքի կարևոր իրադարձությունները նույնպես տեղ են գտել ամսագրում:
Ընդգրկուն ու բազմազան «Տնտեսական խճանկարը» և մյուս հիմնական խորագրերը` «Փորձագիտական հարթակը», «Ամենակարևորի մասին», «Վերծանելով արվեստի գաղտնագրերը», կրկին ձեր ուշադրությանը կներկայացնեն հետաքրքրական թեմաներ:
Այս համարում ձեզ հետ է «Կատակասերի անկյունը»՝ տնտեսագիտական հումորով, կարող եք կարդալ նաև «Արձակ-2013» պատմվածքի մրցույթի հատուկ մրցանակին արժանացած պատմվածքներից մեկը, որը ժպիտ ու ջերմություն կպարգևի ձեզ:
Այսքանը հակիրճ՝ «Տնտեսագետի» նոր համարի մասին: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ հենց այսօրվանից. ուսանողները` դիմելով դեկանատներ ու ընթերցասրահներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ամսագրի էլեկտրոնային տարբերակը կhրապարակվի մի քանի օր անց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին