ՀՊՏՀ-ն թողարկում է պետական գույքի կառավարում մասնագիտացման 1-ին կադրերը. տեղի ունեցավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը

Դիտումների քանակ՝ 1147

Տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ  պետական գույքի կառավարում մասնագիտացման առկա մագիստրատուրայի  1-ին շրջանավարտների ավարտական աշխատանքների` մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Բնօգտագործման տնտեսագիտության  ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը ներկայացրեց հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ նշելով, որ համալսարանը համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելու պայմանագիր ունի ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է  նշված վարչության պետ, տ.գ.թ. Արման Սահակյանը: Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը ներկա էր  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ կարևորում է հանդարտ մթնոլորտում ավարտական աշխատանքների պաշտպանության անցկացումը: Նա խոսեց  վերջին տարիներին պետական գույքի կառավարման վարչության իրականացրած բարեփոխումների մասին և նշեց, որ ոլորտը բավականին հետաքրքիր է: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝  լավագույն շրջանավարտներին իրենց վարչությունում աշխատանքի անցնելու  առաջարկ կարվի:

Մագիստրոսական ավարտական աշխատանքն առաջինը ներկայացրեց Ջուլիետտա Ավդալյանը, ում աշխատանքի թեման  էր «Պետական գույքի հաշվառման համակարգը և դրա բարելավման ուղիները»: Պաշտպանությունն ավարտելուց հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Ջուլիետտան նշեց, որ ամբիոնից ելույթ ունենալու ընթացքում շատ էր հուզվում, պատասխանելուց հետո էլ՝ դեռ հուզմունք է ապրում:

«Ցանկանում եմ նշել, որ հանձնաժողովի աշխատանքից շատ գոհ եմ. շատ բարեհամբույր էին և դրական լիցքերով լի: Չեմ կարող ասել՝ ինչպես եմ պատասխանել, բայց, լսելով ընկերներիս կարծիքները, կարծում եմ՝ լավ եմ պատասխանել: Ակնկալում եմ աշխատանքիս արժանի գնահատական»,-նշեց շրջանավարտը:

Հայկ Բադալյանը ևս պաշտպանության ավարտից հետո  մեզ հետ զրույցում գոհունակություն հայտնեց հանձնաժողովի աշխատանքից, նշեց, որ իր կատարած աշխատանքի թեման բավականին հետաքրքիր էր և կարծում է , որ այն ներկայացրել է հավուր պատշաճի:

Նշենք, որ քննասենյակում  տիրում էր խաղաղ և տրամադրող մթնոլորտ:

Բոլորին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին