Գառնիում տեղի է ունեցել ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Դերենիկ (Ատոմ) Աբրահամյանի մեծարման միջոցառում
Գառնիի Ատոմի անվան ավագ դպրոցում մայիսի 8-ին կայացել է ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկ, ծնունդով գառնեցի Դերենիկ (Ատոմ) Աբրահամյանին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա են եղել Դերենիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները, ԵԿՄ տարածքային կառույցի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ և բազմաթիվ գառնեցիներ: ՀՊՏՀ-ից բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արմեն Ռուբենյանը և ուսանողական «Էկոնոմ plus» ամսագրի գլխավոր խմբագիր Հայկ Բեջանյանը հատուկ հրավերով մասնակցել են միջոցառմանը:
Նշենք, որ Արմեն Ռուբենյանը Դերենիկ Աբրահամյանի ընկերն էր, իսկ Հայկ Բեջանյանը «Մարտական հաշվարկ» գրքի հեղինակը, ով գրքում անդրադարձել է ՀՊՏՀ զոհված ազատամարտիկների, այդ թվում՝ Դերենիկ Աբրահամյանի կյանքին ու գործունեությանը:
Դպրոցականները միջոցառմանը հանդես են եկել մայիսյան հաղթականերին նվիրված գեղեցիկ ելույթներով՝ ասմունքով, երաժշտական կատարումներով: Ընթերցվել են հատվածներ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից տպագրված «Մարտական հաշվարկ» գրքից: Միջոցառման ավարտին ՀՊՏՀ դասախոս Արմեն Ռուբենյանը ներկաներին պատմել է հիշարժան դրվագներ ազատամարտիկ ընկերոջ՝ Դերենիկ Աբրահամյանի կյանքից, իսկ Հայկ Բեջանյանը ներկայացրել է գրքում տեղ գտած ուշագրավ տեղեկություններից:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Հայկ Բեջանյանը կարևորեց երիտասարդության շրջանում նմանատիպ միջոցառումների անցկացումը և նշեց՝ ուրախալի է, որ աշակերտները իրազեկված են Ատոմի կյանքի ու գործունեության մասին:
«Ատոմի մասին խոսելիս աշակերտների աչքերում հուզմունք, միաժամանակ հպարտություն կար: Շատ կարևոր է, որ հայ պատանիները ճանաչեն մեր ազատամարտիկներին: Դերենիկ Աբրահամյանը վառ անհատականություն էր, կարճ կյանք է ունեցել, սակայն հասցրել է այնպես անել, որ բոլորն իր մասին մինչ օրս հպարտությամբ խոսեն»:
Հ.Գ. Լուսանկարը՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին