Մասնակցություն «Անձնակազմի վերապատրաստման միջազգային շաբաթին». ՀՊՏՀ դասախոսը՝ Վարշավայում
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր համալսարանի աշխատակիցները շարունակում են հաղորդակցվել միջազգային կրթական փորձին, զարգացնել մասնագիտական իմացությունն ու հմտությունները:
Վարշավայի տնտեսագիտական դպրոցում հոկտեմբերի 23-27-ն անցկացվել է «Անձնակազմի վերապատրաստման միջազգային շաբաթ», որին մասնակցել է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Քրիստինե Սարգսյանը: Միջոցառումը համախմբել է 9 երկրի ներկայացուցիչների, նվիրված է եղել «Էրազմուս+»-ի 30-ամյակին:
Մեզ հետ զրույցում դասախոսն ասաց, որ լեհական բուհ այցն արդյունավետ էր ինչպես ուսուցողական ու փորձի փոխանակման, այնպես էլ մշակութային առումով:
Պատվիրակներին ընդունել է հյուրընկալող համալսարանի ղեկավարությունը, միջազգային կապերի գծով պրոռեկտորի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները, հետազոտական ու կրթական մի շարք հարցեր: Այնուհետև տնտեսագիտական դպրոցի պրոֆեսորները դասախոսություններ են կարդացել «Կոորպորատիվ կառավարում» և «Կրկնակի աստիճանաշնորհման ծրագրեր» թեմաներով, ունկնդիրների հետ անցկացրել քննարկումներ:
Հյուրերը շրջել են բուհում, եղել մասնաշենքերում, գրադարանում:
Շնորհանդես է ներկայացվել Լեհաստանի պատմության, մշակույթի մասին, կազմակերպվել է ճանաչողական այց դեպի Գդանսկ քաղաք:
«Վարշավայի տնտեսագիտական դպրոցում ներկայացրել եմ նաև մեր համալսարանը՝ անդրադառնալով կառուցվածքին, կրթական ծրագրերին, ուսուցման համակարգին և այլն»,-այցն ամփոփեց դասախոսը:
Հավելենք, որ Քրիստինե Սարգսյանը նախորդ տարի լեզուների ամբիոնի լաբորանտն էր , ուստի Վարշավայի տնտեսագիտական դպրոցից հրավերը ստացել էր որպես վարչական աշխատակից:
Նշենք, որ ՀՊՏՀ-ում «Էրազմուս+» ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին