Նարեկ Կարապետյան. առաջին քայլերն առավել քան հուսադրող են

Դիտումների քանակ՝ 2430

Նարեկ Կարապետյանը սովորում է  տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում, մագիստրատուրայի 1-ին կուրսում, մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացմամբ: Բակալավրական կրթությունն ստացել է նույն ֆակուլտետում մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությամբ: Այժմ կրթությանը զուգահեռ որպես տնտեսագետ է աշխատում ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում: Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը նախարարության կողմից գործուղվել է Ավստրիայի Վիեննայի միացյալ ինստիտուտ, որը Արժույթի միջազգային հիմնադրամի ենթակառույցներից է և զարգացող երկրների տնտեսության կարգավորման ուղղությամբ պետական աշխատակիցներին վերապատրաստման դասընթացներ է առաջարկում: Այստեղ մասնակցել է «Ֆինանսական հատվածի քաղաքականություն» խորագրով երկշաբաթյա վերապատրաստման դասընթացի և ստացել հավաստագիր: Այս փաստն առիթ ծառայեց, որպեսզի ներկայացնենք Նարեկի ուսման և աշխատանքի հաջողված պատմությունը, որում ի հայտ է գալիս խելացի, բանիմաց, հետևողական ու հեռանկարային երիտասարդը:

Նարեկ Կարապետյանը գերազանցության Կարմիր դիպլոմով է ավարտել բակալավրիատը, մինչ այդ ՀՀ ֆինանսների նախարարությունում փորձառություն է անցել վերոնշյալ վարչությունում, աչքի ընկել մասնագիտական գիտելիքներով և շրջահայացությամբ և աշխատանքի հրավեր ստացել: Միաժամանակ կատարել է դիպլոմային աշխատանք, որը ոչ միայն իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում է, այլև աշխատանքային գործունեությանն է աղերսվում ու նաև Վիեննայում անցած դասընթացին:

Նարեկը նշում է, որ Վիեննայի վերապատրաստումը հնարավորություն է ընձեռել ունկնդրելու դասախոսություններ և մասնակցելու գործնական աշխատանքի՝ ուսումնասիրելով կոնկրետ երկրի փորձ և ներկայացնելով առաջարկություններ:

Եվ սա ամենը չէ. Նարեկը նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ծրագրի փորձագետ է, ավելին` հետազոտական աշխատանքներում ընդգրկված է եղել դեռևս բակալավրական տարիներից:

«Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, ինձ դուր է գալիս ֆինանսիստի աշխատանքը, սիրով մասնակցում եմ հետազոտական ծրագրերի, կցանկանամ ուսումս շարունակել ասպիրանտուրայում, և ուրախ եմ, որ մասնագիտությունս, աշխատանքս, հետազոտություններիս ոլորտը բոլորը շաղկապված են և փոխլրացնում են միմյանց»,-ասում է Նարեկը:

Իսկ մեզ մնում է մաղթել նրան եռանդ, աշխատասիրություն ու իրականացում բոլոր նախաձեռնություններին, ինչպես նաև ավելացնել մեր հավատն ու հպարտությունը, քանզի մասնագիտական առաջին քայլերն առավել քան հուսադրող են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին