Մոտ մեկ տասնյակ հարցեր՝ գիտական խորհրդի նիստում

Դիտումների քանակ՝ 949

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի այսօր կայացած նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը ներկայացրեց 2013-2014 ուսումնական տարում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը՝ անդրադառնալով մասնաճյուղում իրականացված ուսումնական, գիտական, մեթոդական, կազմակերպական և հասարակական բնույթի աշխատանքներին, մասնաճյուղի խնդիրներին:

Հարցը ներկայացնելուց հետո գիտխորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հարցրեց, թե արդյոք տարածքների համաչափ զարգացման, ուսանողներին օժանդակելու և այլ նկատառումներով մասնաճյուղի ստեղծումը այսօր որքանով է հասել իր առջև դրված խնդիրների լուծմանը:  Ի պատասխան՝ Սոս Խաչիկյանը նշեց, թե մասնաճյուղի ուսանողների 90-95 տոկոսը մարզից են, իսկ մնացած մասը մարզի հարակից քաղաքաներից: Բացի այդ, մասնաճյուղի տնօրենի խոսքով, մարզում նախկինում շատ էին Երևանից մեկնած մասնագետները, իսկ այսօր տեղի վարկային, բանկային, ապահովագրական և մնացյալ ընկերություններում մեծ թիվ են կազմում մարզաբնակները:  Սոս Խաչիկյանի ներկայացրած հարցը դրվեց քվեարկության և հաստատվեց, իսկ ռեկտոր Կորյուն Աթոյանն ուշադրություն հրավիրեց գիտխորհրդի որոշման հանձնարարականի վրա՝ հորդորելով՝ մասնաճյուղը պետք է ավելի սերտացնի իր կապը մայր համալսարանի հետ՝ ավելի արագ կայանալու համար:

Այնուհետև հաշվետվություններով հանդես եկան մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Մկրտչյանն ու Աշոտ Մաթևոսյանը՝ ներկայացնելով 2013-2014 ուսումնական տարում ֆակուլտետում կատարված աշխատանքները, ուսումնական գործընթացի կազմակերպումն ու արդյունքները, ինչպես նաև առկա խնդիրները: Տեղեկացնենք, որ ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկով և գիտխորհրդի համաձայնությամբ այս տարվանից արդեն դեկանները ֆակուլտետների հաշվետվությունները ներկայացնում են նոր ձևաչափով, նույն հարցի շուրջ հանդես են գալիս նաև հարակից զեկուցողներ: Երկու ֆակուլտետների դեկանների հաշվետվությունների ներկայացուցից հետո հարակից զեկուցմամբ հանդես եկավ ստուգող հանձնաժողովի անդամ, ռեկտորի օգնական Ռոբերտ Համբարձումյանը: Նրա խոսքով՝ երկու ֆակուլտետներում էլ խնդիրները գրեթե նույնն են, սակայն տարբեր ուղղություններով աշխատանքի բարելավում կա: Աշխատանքների բարելավման համար նա նաև մի շարք առաջարկներ ներկայացրեց:

Հաշվետվությունների ներկայացումից հետո ծավալվեց քննարկում, խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, հանդես եկան ելույթներով: Ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ առկա խնդիրները պետք է լուծել համատեղ ջանքերով՝ քայլ առ քայլ հասնելով կրթության որակի բարձրացմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ կրթական շուկայում մրցակցությունն օրեցօր սրվում է:

Փակ, գաղտնի քվեարկության դրվեց 6 թեկնածուների դոցենտի կոչում շնորհելու հարցը: Քվեարկության արդյունքներով գիտխորհուրդը որոշեց 6 թեկնածուներին էլ դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցով դիմել ԲՈՀ:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ի կատարումն ՀՊՏՀ խորհրդի 2013թ. դեկտեմբերի 25-ի որոշման, հաստատման ներկայացրեց միացյալ ամբիոնի անվանումը՝ առաջարկելով միացյալ ամբիոնն անվանակոչել կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն: Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց:

Ներկայացվեցին և գիտխորհրդի կողմից հաստատվեցին նաև ՀՊՏՀ-ում օտարերկրացի ուսումնառողների ուսումնական գործընթացի կազմակերպման և  գիտելիքների գնահատման կարգը, ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ նշանակելու մասին հարցեր:

Հաստատված փաստաթղթերն առաջիկայում ամբողջական տեսքով կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին