ՀՊՏՀ դասախոս Հակոբ Կյոկչյանն արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչման

Դիտումների քանակ՝ 1063

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչման: Մայիսի 8-ին ՀՊՏՀ դասախոսին  ոսկե մեդալով և շնորհագրով պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

Այս առիթով ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդիպեց ու զրուցեց Հակոբ Կյոկչյանի հետ: Նա մեզ հետ զրույցում կարևորեց մանկավարժական աշխատանքին նվիրվածությունը և փաստեց, որ երիտասարդների հետ աշխատանքը շատ պատասխանատու է:

«Շուրջ  30 տարի է՝ աշխատում եմ Տնտեսագիտական համալսարանում: Մանկավարժական  գործունեության ընթացքում կուտակած փորձն ինձ թույլ է տալիս ասել, որ երիտասարդ սերունդ կրթելը որքան պատասխանատու, այնքան էլ հաճելի և հետաքրքիր գործ է»,- նշեց  դասախոսն ու հավելեց, որ ցավոք, այսօրվա երիտասարդության մոտ այդքան էլ բարձր չէ ֆիզիկական կուլտուրան, առողջ ապրելակերպը կարևորելու գիտակցությունը:

«Ուսանողների մոտ անընդհատ  փորձում ենք ձևավորել այն հասկացողությունը, որ ֆիզկուլտուրան և սպորտը մարդու կյանքի  անբաժան մի մասն են, առողջ ապրելու անփոխարինելի միջոց: Ուրախալի է, որ հատկապես աղջիկների մոտ այդ գիտակցությունն աճում է: Ես կողմ եմ ավելի շատ «առողջ հոգում առողջ մարմին» արտահայտությանը, քանի որ պետք է առողջ հոգով գիտակցել, ապա՝ գործել»,-ընդգծեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողը:

Ինչ վերաբերում է Տնտեսագիտական համալսարանում երկար տարիներ աշխատելուն՝ Հակոբ Կյոկչյանը նշեց, որ  համալսարանն իր 2-րդ տունն է, իր ընտանիքը, այլ տեղ իրեն աշխատելիս չի պատկերացնում:

«Երբ եկա ՀՊՏՀ աշխատելու՝   նոր էի ավարտել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, երիտասարդ էի ու խանդավառ: Ի սկզբանե աշխատել եմ այն  սկզբունքով, որ եթե աշխատում ես, պետք է նվիրված ու սիրով անես աշխատանքդ: Բարեխղճությունը  արդյունավետ աշխատանքի հիմքն է»:

Հիմա էլ, շուրջ 30 տարի անց, Հակոբ Կյոկչյանը  մեր համալսարանի եռանդուն ու նվիրված աշխատակիցներից է, ինչպես ինքն է ասում՝ աշխատանքը կյանքի մի մեծ մասն է, իսկ այն գնահատելը՝ արժևորելու  միջոց:

Շնորհավորում ենք Հակոբ Կյոկչյանին, մաղթում առողջություն, մասնագիտական նորանոր նվաճումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին