Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. հուշ-ցերեկույթ՝ ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ հանդիսասրահում այսօր կայացավ Մեծ եղեռնին նվիրված միջոցառում՝ «Դարերու վրեժ» խորագրով: Ցերեկույթին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված մշակութային հուշ-ցերեկույթը կազմակերպել էր ուսանողական խորհրդի գրական և թատերական ստուդիան:
Ցերեկույթի սկզբում հնչեց «Դլե յաման» երգի Ֆլորա Մարտիրոսյանի կատարումը, ցուցադրվեցին 1915թ. հայկական կոտորածներից տեսարաններ: Մեր բուհի ՈւԽ-ի գրական և թատերական ստուդիայի սաները հանդես եկան Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններով, երգերով: Նշված ստուդիայի ղեկավար Հարություն Արզումանյանը հատվածներ կարդաց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» («Ղողանջ եղեռնական»), Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» պոեմներից, ինչպես նաև Սիամանթոյի բանաստեղծություններից: Ուսանողների կատարմամբ հնչեցին «Կիլիկիա», «Ադանա», «դլե Յաման» երգերը, Համո Սահյանի «Հայաստան ասելիս», Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունները:
Միջոցառման ավարտին մեծ էկրանի վրա ցուցադրվեցին հայ մեծերի՝ Հովհաննես Թումանյանի, Գրիգոր Զոհրապի, Կոմիտասի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլ բանաստեղծների ու գրողների, նաև Հայաստանը աշխարհին ճանաչելի դարձրած մարզիկների, արտիստների նկարները: Սա նպատակ ուներ ցույց տալու տարբեր ժամանակաշրջաններում հայ ազգի տաղանդավոր զավակներին, ընդգծելու հայ ազգի տաղանդը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ Հարություն Արզումանյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներով մեկ անգամ ևս հայրենասիրական գաղափարներ են սերմանվում, ուսանողների մոտ բարձրանում է ազգային ինքնագիտակցությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին