Ուսանողները մարքեթինգային գիտելիքները հիանալի կիրառում են նաև գործնականում. բաց դաս ՀՊՏՀ-ում
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կոմերցիա 2-րդ կուրսում այսօրվա առաջին դասը տարբերվեց մյուսներից. ուսանողները գործնականում յուրօրինակ ձևով ներկայացրեցին իրենց մարքեթինգային գիտելիքները: Դասին մասնակցում էին մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, նույն ամբիոնի դասախոս Լիլիթ Դադայանը (ովքեր նաև դասի կազմակերպիչներն էին):
Ինչպես տեղեկացրեցին ուսանողները՝ կուրսը բաժանվել էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ընտրել էր հայաստանյան 1 բջջային օպերատորի և 20 րոպեի ընթացքում, կիրառելով ստացած մարքեթինգային գիտելիքները, պետք է «համոզեին» ներկաներին՝ գնել իրենց առաջարկած ապրանքը: Դասի ընթացում երկու խումբ ներկայացրեցին «Օրանժ» և «Բիլայն» ընկերությունների արտադրանքը:
Ուսանողները, նախ անդրադարձան նշված ապրանքանիշերի առաքելությանը, նպատակներին, խնդիրներին, ապա խոսեցին առաջարկվող ծառայությունների, ծրագրերի մասին: Բանախոսները ներկայացրեցին նաև իրենց պատրաստած գովազդային հոլովակները և առաջարկությունները: Դասն անցավ աշխույժ, կենդանի մթնոլորտում: Յուրաքանչյուր խումբ դիմել էր գովազդային հատուկ հնարանքների՝ հագուստի ճիշտ ընտրություն, բրենդային ուշագրավ դիզայն, կարգախոսների ընտրություն, տեղեկատվական թերթիկների տրամադրում, նույնիսկ՝ նվերներ մասնակիցներին: Ուսանողների պատրաստվածությունը հավաստեց, որ նրանք իրենց ոլորտում լավ մասնագետ դառնալու մեծ ներուժ ունեն:
Դասի ավարտին պրոֆեսոր Արարատ Զաքարյանը նշեց՝ ողջունելի է այն, որ ուսանողները հստակ գիտակցում են, որ մարքեթինգային գրագետ մոտեցման, գովազդի շնորհիվ կարող են մեծացնել վաճառքի ծավալները:
«Ներկա շուկայական տնտեսության պայմաններում գոյություն ունի լուրջ մրցակցություն և չափազանց կարևոր է, որ ձեռնարկությունները, ընկերությունները կարողանան ճիշտ գործել, որպեսզի իրենց ապրանքը մրցունակ դառնա շուկայում»,- ասաց ամբիոնի վարիչն ու հույս հայտնեց, որ ուսանողները հետագայում կկարողանան լավագույնս դրսևորել իրենց մարքեթինգային գիտելիքները:
Լիլիթ Դադայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ իրենց վստահված ընկերությունները հավուր պատշաճի ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ այսօրինակ դասերը շարունակական կլինեն:
Նմանատիպ դասերից գիտելիքներ և բավականություն են ստանում նաև ուսանողները. այս մասին հավաստում են հենց նրանք: «Այսօրինակ դասերը մեզ բացառիկ հնարավորություն են ընձեռում տվյալ ոլորտում խորը ուսումնասիրելու, գիտելիքները կիրառելու, ճիշտ ներկայանալու և ներկայացնելու որևէ ապրանք: Զարգացնում ենք նաև բանավոր հաղորդակցության հմտությունները: Մի շարք տեսանկյուններից, այս դասերը հետաքրքիր են»,-մեզ հետ զրույցում նշեց ուսանողուհի Տալիտա Սիմոնյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին